
Ադրբեջանում իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին դատապարտել են 6.5 տարվա ազատազրկման

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը դատապարտվել է 6.5 տարվա ազատազրկման: Նման որոշում այսօր կայացրել է Բաքվի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանը:
Ազատվելուց հետո Ջաֆարովին 3 տարով արգելվելու է զբաղեցնել որևէ պաշտոն: Ջաֆարովը կալանավորվել է 2014 թվականի օգոստոսի 2-ին: Նրան մեղադրանքներ են ներկայացվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 192-րդ (ապօրինի ձեռնարկատիրություն), 213-րդ (հարկեր վճարելուց խուսափում) և 308-րդ (պաշտոնական լիազորությունների չարաշահում) հոդվածներով:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ջաֆարովին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»: Ջաֆարովը հրապարակված դատավճիռը որակել է որպես կեղծիք և քաղաքական պատվեր: