
Ճապոնիան իր օդային սահմանների մոտ գրանցել է ռուսական մարտական ինքնաթիռների ռեկորդային ակտիվություն

The Japan Times-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները հայտարարել են «Սառը պատերազմի» ժամանակներից ի վեր իր հյուսիսային սահմանների մոտ ռուսական մարտական ինքնաթիռների և հարավային սահմաններին չինական մարտական ինքնաթիռների ռեկորդային ակտիվության մասին:
Վերջին մեկ տարում ճապոնական կործանիչներն օտար մարտական ինքնաթիռները որսալու համար օդ են բարձրացվել 944 անգամ: Դա 16 տոկոսով ավելին է՝ համեմատած դրա նախորդ տարվա հետ: Այդ ցուցանիշը համեմատելի է 1958 թվականի ցուցանիշի հետ:
Ճապոնացի զինվորականները հայտնել են, որ ռուսական ռմբակոծիչներն ու պարեկություն կատարող ինքնաթիռները հաճախ մոտենում են Հոկայդո կղզու շրջանում Ճապոնիայի օդային տիրույթին:
Ճապոնական կողմն այդ ակտիվությունը շաղկապում է 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմը գրավելու հետ: Միևնույն ժամանակ 10 տոկոսով աճել է չինական ինքնաթիռների ակտիվությունը Ճապոնիայի հարավային սահմանների մոտ՝ Արևելա-Չինական ծովում: