Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը որևէ նշանակություն չունի Թուրքիայի համար. Վոլքան Բոզքըր
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու գծով գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի կողմից երեկ ընդունված բանաձևը.
«Եվրոպական խորհրդարանը 1915 թվականի պատմական դեպքերն օգտագործում է քաղաքական նպատակներով: Տվյալ բանաձևը որևէ նշանակություն չունի Թուրքիայի և թուրք ազգի համար, Թուրքիան չի ընդունում այն:
Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև հայ-թուրքական սահմանը բացելու մասին Եվրոպական խորհրդարանի կոչը ստեղծված քաղաքական իրավիճակի միակողմանի գնահատական է:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցավեր վերապրել են նաև թուրք և մուսուլման ժողովուրդները, սակայն նախապատվությունը տրվում է միայն հայերին: Մինչդեռ հայերի նման ցավեր ապրել են Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիները:
Թուրքիան քանիցս բարեկամական ձեռք է պարզել Հայաստանին. նախորդ տարվա ապրիլի 23-ին Ռեջեփ Էրդողանի և հունվարի 20-ին Ահմեթ Դավութօղլուի պատմական ուղերձները, սակայն հայկական կողմը մշտապես չի արձագանքել Թուրքիայի բարեկամական մտադրություններին:
Անգամ 2009 թվականին ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, սակայն դրանք չվավերացվեցին և հետ կանչվեցին Հայաստանի խորհրդարանից»: