
Եմենի նախկին նախագահ Սալեհը արաբական երկրներին խնդրել է իրեն անվտանգ դուրս բերել երկրից

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը դիմել է Պարսից ծոցի երկրների իշխանություններին՝ խնդրելով ապահովել իր ու իր ընտանիքի անվտանգ ելքը երկրից: Այս մասին հայտնել է հեռուստաալիքի աղբյուրը:
Նրա խոսքերով՝ Սալեհի ներկայացուցիչներն այցելել են Արաբական թերակղզու երկրների մայրաքաղաքներ, որոնք ոչ միայն փոխանցել են օգնության մասին Սալեհի խնդրանքը, այլև՝ հայտնել են, որ նախկին նախագահն իրեն սնանկ է ճանաչել: Բացի այդ, նրանք փորձելու են համոզել Պարսից ծոցի երկրների առաջնորդներին, որ Սալեհը որևէ կապ չունի շիա ապստամբների հետ:
Արաբական երկրներ գործուղվածների թվում է նաև Եմենի նախկին արտգործնախարար Աբու բաքր ալ-Քիրբին: Ալի Աբդալլահ Սալեհը Եմենի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել 2011 թվականին, երբ երկրում սկիզբ էին առել բողոքի զանգվածային ակցիաներ: