Վատիկանի պատարագի իմաստն ավելի խորն ու մեծ է, քան ներկայացվում է մամուլում. քաղաքագետ
Վատիկանում տեղի ունեցած իրադարձությունն այնպիսին չէր ինչպես ներկայացվում է մամուլում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այս թեման ծայրահեղ կարևոր է և ավելի մեծ ու խորը ենթատեքստ ունի, այն հումանիստական նշանակություն ունի, ուղղված է ոչ միայն Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, այլև բոլոր ցեղասպանություններին: Այս պատարագը Քրիստոնեության պատմության մեջ ցեղասպանությունների մասին է, որ դրանք չեն մոռացվում և չի կարելի մոռանալ»,- հայտնեց քաղաքագետը՝ հավելելով, որ Հռոմի պապը համաշխարահային մակարդակի գործիչ է, և տեղի ունեցածը ոչ թե ապրիլի 24-ին 100-րդ տարելիցի հետ կապված իրադարձությունն է, այլ դրա շրջանակներից դուրս՝ հետագայի համար:
Ընդհանուր առմամբ, ըստ բանախոսի, այստեղ մի քանի այլ շեշտադրումներ կային. օրինակ, այն, որ Հայաստանը կրոնական կենտրոններից մեկն է և հարուստ հոգևոր ժառանգություն ունի:
«Այսօր թուրքերը նյարդայնանում են և այսպիսով սխալներ գործում, բոլոր ջանքերն օգտագործում են՝ ապրիլի 24-ին ընդառաջ իրենց երկիր տանելու կարևոր դեմքերին, 100-րդ տարելիցի հետ կապված ամեն ինչ ծայրահեղ են ընդունում: Այս վիճակից ավելի է նյարդայնանում Ադրբեջանը»,- Ա. Իսկանդարյանը:
Վերջինիս խոսքով, այս իրադարձությունը չի կարող ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա: Ինչ վերաբերում է հայտնի աստղերի՝ դեպի Հայաստան սպասվող այցերին, քաղաքագետը դրանք տարանջատեց Վատիկանում տեղի ունեցածից, քանի որ նրանց այցը ուղիղ կապված է ապրիլի 24-ի հետ. «Չեմ կարծում՝ պատարագն ինչ-որ բան կփոխի այցելությունների կամ ճանաչման հետ կապված. ով գալու էր կգա, ով ճանաչել է, ճանաչել է»: