«Ջահել-ջիվանիս դրին հողը, ոչ պատասխանատվություն կրին, ոչ բան». մահացած զինծառայողի հայրը՝ վերաքննիչ դատարանում

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի հոր՝ Մովսես Խաչատրյանի բողոքի քննությունը: Այսօր դատարան չէր ներկայացել այս գործով ամբաստանյալ Միքայել Միքայելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Միքայել Միքայելյանը հայտարարեց, որ իր պաշտպան Վարդուհի Էլբակյանը չի ծանուցվել այսօրվա դատական նիստի մասին և մեկ այլ գործով դատական նիստի է մասնակցում: Ամբաստանյալը միևնույն ժամանակ հայտնեց, որ ցանկանում է՝ իր պաշտպանը մասնակցի դատական նիստին:

Հայկ Խաչատրյանը հայրը, սակայն, բարկացավ, որ նիստը պետք է հետաձգվի՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանում էլ դատական պրոցեսը երկար է տևել: «Քանի՞ տարի սպասեմ ես այս նիստերին»,- ասաց մահացած զինծառայողի հայրը՝ նշելով, որ ինքն Արթիկից ամեն անգամ գալիս է, սակայն նիստ չի կայանում: «Ջահել-ջիվանիս դրին հողը, ոչ պատասխանատվություն կրին, ոչ բան»,- ասաց նա:

Դատական նիստն ի վերջո հեռաձգվեց՝ նշանակվելով ապրիլի 28-ին:

Նշենք, որ այս գործով մեղադրանք էր առաջադրվել Մինաս Մկրտչյանին և Միքայել Միքայելյանին: Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ N զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ՝ չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ՝ վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Երևանի Էրեբունի ու Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ համաներման կիրառմամբ քրեական գործի վարույթը կարճվել էր, դադարեցվել ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը:

Մահացած զինծառայողի հոր ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեզ հետ զրույցում հայտմնել էր, որ դատարանից պահանջել են ճանաչել կյանքի իրավունքի խախտման դեպքով արդյունավետ քննություն չկատարելու փաստը, բեկանել դատարանի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Տեսանյութեր

Լրահոս