«Պուտինի ՀՀ կատարելիք այցի հետ կապված փոխհամաձայնեցումներն ավելի վաղ պետք էր սկսել». Կարախանյան

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ կատարելիք այցի հետ կապված խնդիրներ չկան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ, վերլուծաբան Սմբատ Կարախանյանը` անդրադառնալով ՌԴ նախագահի` ապրիլի 24-ին ՀՀ կատարելիք այցի հետ կապված անորոշությանը:

Ռուսաստանաբնակ վերլուծաբանն ասաց, թե չի կարծում, որ այցի հստակեցման ժամկետները ձգձգվում են, քանի որ նման այցերի հետ կապված տեղեկություններ տարածելու համար ընթացակարգային ժամկետներ կան: Իսկ այդ ժամկետները, ըստ Կարախանյանի, դեռևս ուժի մեջ են: «Չեմ կարծում, որ Հայաստանի հետ կապված քաղաքական կոնտեքստներ, խնդիրներ կան, պարզապես արձանագրային փոխհամաձայնեցումները երևի պետք էր ավելի շուտ իրականացնել: Չեմ կարծում, որ խնդիրներ կան ընդհանրապես: Մի քանի միջոցառումներ կան, որոնց ՌԴ նախագահը պետք է մասնակցի, ու այստեղ քննարկվում է՝ ՀՀ ժամանել ապրիլի 22-ի՞ն, թե՞ 24-ին, ուստի այստեղ մեծ ու բարդ խնդիրներ չկան»,- վստահեցրեց Սմբատ Կարախանյանը:

Հիշեցնենք, որ այս ամիս Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ այս ամիս Հայաստանում սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ով նախատեսվում է, որ կմասնակցի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման արարողություններին` չհստակեցնելով` այցը տեղի կունենա ապրիլի 24-ի՞ն, թե՞ մեկ այլ օր: Այս օրերին ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս չի հստակեցնում և հաստատում` Պուտինը կժամանի՞ Հայաստան, թե՞ ոչ:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս