Հայ շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ Քիմ Քարդաշյանի այցի և դրա ազդեցության մասին
Քիմ Քարդաշյանի` Հայաստանում հայտնվելու առաջին իսկ վայրկյաններից հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեջ սկսվեց իրարանցումը։ Շոկի ենթարկված մեր «աստղերը» հանկարծ հասկացան, որ, փաստորեն, այնքան էլ «աստղ» չեն, և սկսեցին քննադատել համաշխարհային մեծության աստղին ամեն քայլափոխին հետևող հանրությանն ու ԶԼՄ-ներին։ Ծիծաղելի իրավիճակ է ստացվում. մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները մի առանձնահատուկ հաճույքով «ուտում» են իրար։ Տպավորություն է, թե նրանց պարզապես առիթ էր պետք իրար երեսի ցեխ շպրտելու համար։ Թե այդ օրերին ով ինչ գրառում կատարեց սոցիալական ցանցում և ինչ պատասխան մեկնաբանություններ ստացավ, չգիտի միայն, թերևս, Քիմ Քարդաշյանը։
Մենք զրուցեցինք հայ շոու-բիզնեսի մի քանի ներկայացուցիչների հետ` Քիմի` Հայաստան այցելության շուրջ առաջացած այս տեսակ իրարանցման շուրջ։
Քիմի համար տորթ պատրաստած Լիկա Մեսրոպյանն ասում է. «Ես ադեկվատ եմ նայում այս ամենին։ Քիմը հայ է, և ես ողջունում եմ նրա` Հայաստան գալու որոշումը։ Հիմա մի բան կասեմ, որի համար հաստատ ինձ էլ կքարկոծեն, բայց չգիտեմ` որտեղից, բայց լավ կլինի, որ մեր մեջ դեռևս մնացած այդ մուսուլմանական դրսևորումները մեր միջից մի օր դուրս գան։ Մենք քրիստոնյա ենք և լավ կանենք, որ ցույց տանք մեր քրիստոնյա լինելը, պարզությունը, մաքրությունը։ Եկեք հիշենք Մարիա Մագթաղինացուն, երբ նրան քարկոծում էին, ի՞նչ ասաց Քրիստոսը։ Հիմա միգուցե բառացիորեն ճիշտ չարտահայտեմ, բայց իմաստը հետևյալն էր. «Թող առաջինը քար նետի նա, ով ամբողջովին անմեղ է»։ Հուսամ` ինձ ճիշտ կհասկանան։ Եկեք չքննադատենք ոչ ոքի։ Իսկ Քիմին ես ողջունում եմ»։
Արամ Mp3-ն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ես մեծ մասամբ չեմ հետևել Քիմ Քարդաշյանի այցին, քանի որ երկրում չեմ եղել։ Գիտեմ, որ Քիմը եկել է Հայաստան, ու վերջ։ Ես դրական եմ վերաբերվում Քիմի` Հայաստան գալու որոշմանը։ Գիտեք` նորմալ է, որ մարդ է գալիս Հայաստան։ Նույնիսկ շատ լավ է, որ նման հայտնիության մարդիկ են գալիս։ Ինչ վերաբերում է համացանցում տիրող այս իրարանցմանը, ասեմ, որ տպավորություն է, որ ուղղակի ճանճից փիղ են դարձնում։ Չեմ կարծում, որ պետք է այս ամենն այսքան ծանր տանել։ Ինձ մոտ տպավորություն է, որ մարդիկ իրոք ուրիշ խոսելու ոչինչ չունեն։ Ես չեմ հասկանում, ի՞նչ է` Հայաստանում ուրիշ խոսելու թեմա, ասելիք չկա՞։ Ես հասկանում եմ, որ մեր մեդիան էլ չի տեսել նման մեծության աստղ, իսկ Քիմը մեծ աստղ է ամբողջ աշխարհում։
Իմ կարծիքով` Քիմի այցը Հայաստան փոխշահավետ է։ Շահավետ է թե՛ մեր երկրի համար, թե՛ Քիմի համար։ Կան որոշակի տվյալներ, թե վերջին 3-4 օրվա ընթացքում քանի անգամ են Հայաստան, Երևան անունները գրվել google-ում։ Զարմանում եմ, երբ քննադատում, են, թե ինչո՞ւ է եկել։ Ինչպե՞ս թե` ինչո՞ւ է եկել։ Ա՛յ քեզ բանգ Որտե՞ղ է գրված, որ իրեն չի կարելի գալ Հայաստան»։
Մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում «Վիտամին» ակումբի Գարիկի ֆեյսբուքյան գրառմանը, նա պատասխանեց. «Գարիկին իմանալով` ես գիտեմ, որ նա դիտավորյալ ինչ-որ վատ բան երբևէ չէր գրի։ Մեկ այլ բան է, որ նրան սխալ են հասկացել։ Ուղղակի կոնտեքստի մեջ ոչ ճիշտ ձևակերպում է եղել, որը և բերել է ասելիքի սխալ ընկալման»։
Հարցին էլ, արդյո՞ք նույն` իրար «ուտող» ճանաչված դեմքերը Քիմի Հայաստանից մեկնելուց հետո կրկին չեն հավաքվելու փարթիներին և, «ասես ոչինչ էլ չի եղել» դեմքի արտահայտությամբ` չե՞ն գրկախառնվելու իրար հետ` ասելով. «ջանիկ, պրիվետ», Արամը պատասխանեց.
«Այնպես չէ, որ առաջին անգամ են թեժանում քննարկումները համացանցում։ Պարզապես, քանի որ քննարկման գլխավոր թեման և դրդապատճառը համաշխարհային ճանաչում ունեցող աստղ է, այստեղից էլ ցանկացած գրառում մեծ արձագանք է ստանում։ Ինձ համար ցավալի կողմ կա այս ամենի մեջ` այն իմաստով, որ Հայաստան է եկել 21 «Գրեմմի» մրցանակ ունեցող Քանիե Ուեսթը, և նրա մասին գրեթե չեն խոսում։ Ինձ համար ամենասյուրռը սա է այս ամենի մեջ։ Միգուցե գալուց առաջ նրանք ունեցել են պայմանավորվածություն, որ ոչ մի հարցազրույց նույն ինքը` Քանիե Ուեսթը, չի տալուգ այդ բացատրությունը ես ընդունում եմ` կարող է լինել։ Բայց այն, որ լրատվամիջոցները գրեթե չեն անդրադառնում նրան, այ դա սյուրռ է։ Հասկանո՞ւմ եք` Հայաստանի ամենապիկն Իրինա Ալեգրովան է, ով գալիս է մեր երկիր մի օրով ու գնում։ Բայց այստեղ է Քանիե Ուեսթը շուրջ մեկ շաբաթ, և ոչ մի ինֆորմացիա»։
Երգիչ Հայկոն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Մի բան կարող եմ ասել, որ անչափ ուրախ եմ, որ Քիմ Քարդաշյանը և հատկապես Քանիե Ուեսթը Հայաստանում են։ Ուզում եմ ասել «բարի գալուստ» իրենց։ Իրենց շնորհիվ է, որ այսքան մեծ թվով ինտերնետից օգտվող և մամուլին հետևող մարդիկ իմացան Հայաստանի մասին։ Ինտերնետով գրում և փնտրում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր հայեր չեն, և նրանց ուղղակի հետաքրքիր է, թե ինչ երկիր է եկել Քիմ Քարդաշյանը։ Ուղղակի կխնդրեմ բոլորին` լինել հանդուրժող, լինել բարի միմյանց նկատմամբ, որովհետև կարելի է ասել, որ մեր տուն եկել է հյուր, որին պետք է պատվով դիմավորել և ճանապարհել»։
Մեր հարցին, թե արդյո՞ք այդ նույն հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ, որ Քիմի այցն է առաջացրել, չի անհետանալու Քիմի մեկնումից հետո, Հայկոն պատասխանեց. «Մի բան ասեմ. այսօր իմ ընկերը` Վիկտոր Մնացականյանը, իր ֆեյսբուքյան էջում մի շատ հետաքրքիր գրառում է արել, որի հետ ես լիովին համամիտ եմ։ Նա նշում է, որ Քիմի և Քանիե Ուեսթի այցելությունը Հայաստան յուրահատուկ տրամադրություն է մտցրել երիտասարդության մեջ։ Մի տեսակ կարծես ուրախություն մտած լինի մեր քաղաք»։
Մեր դիտարկմանը, որ Քիմի այցը կարծես առիթ հանդիսացավ, որպեսզի որոշ հայ հայտնիներ սկսեն իրար հետ հարաբերություններ պարզել, Հայկոն պատասխանեց. «Ես կուզենամ զերծ մնալ այդ ամենից։ Պարզապես նորից եմ նշում, որ պետք է լինենք ավելի բարի միմյանց հանդեպ առհասարակ»։
Լիլիթ Կարապետյանն էլ անդրադառնալով Քարդաշյանների և Քանիե Ուեսթի Հայաստան կատարած այցին` մեզ հետ զրույցում ասաց. «Ես հենց նման իրավիճակ էլ սպասում էի։ Է՛լ ավելի վատ բաների էի սպասում։ Հետևելով Քիմին, նրա պահվածքին` ևս մեկ անգամ համոզվեցի, որ արտաքինը հոգու հայելին է։ Ես հիացած եմ նրանով։ Այդքան գեղեցիկ արտաքինի մեջ` այդքան գեղեցիկ հոգի։ Հպարտանում եմ հայի նման տեսակով։ Եզակի դեպքերի ժամանակ եմ ասել և ասում, որ հպարտ եմ հայի տեսակով։ Հաճախ նույն հայն այնպիսի քայլերի է դիմում, որ ամաչում եմ, որ ես էլ հայ եմ։
Պարզապես ինքս գրառումներ չեմ անում, ինչպես որ մեր կոլեգաները, քիչ թե շատ ամեն մեկն ինչ-որ մի բան գրում է։ Ես մի քիչ ավելի հիվանդագին եմ տանում մեկնաբանությունները, բացասականն ու նեգատիվը, դրա համար աշխատում եմ լռել։ Չեմ ուզում ինքս էլ թաթախվել այդ կեղտի մեջ։ Եթե դու հանրային մարդ ես, պետք է այնքան զգույշ լինես և այնքան հարգես ու սիրես քո աշխատանքը, որ հենց դրանից էլ գա քո զգուշավորությունը։ Շատ երկրպագուներ կարող են արտիստի անտակտ և չմտածված ինչ-որ մի քայլից կամ խոսքից վիրավորված` երես թեքել։ Բայց չէ՞ որ շատ ես աշխատել, որ վայելես երկրպագուներիդ սերն ու հարգանքը։ Ինչպե՞ս կարելի է մի օրում վերացնել այդ ամենը` չմտածված խոսքերի պատճառով»։
Գեղեցկուհի Գոհար Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Քիմի այցին Հայաստան` խելացի մարդը միանշանակ դրական պետք է վերաբերվի։ Մի քանի օր շարունակ Հայաստանը, մեր ցավն ու պատմությունն ուշադրության կենտրոնում են։ Ինչո՞ւ են գեղեցության թագուհիներ ընտրվում։ Որովհետև իրենց տեսնում և լսում են։ Եվ կարելի է այդ հզոր ուժն օգտագործել ցանկացած բարի գործի համար։ Քիմի այցը վառ ապացույց է։ Հուսամ` նա այստեղից կվերադառնա դրական և վառ հիշողություններով, տպավորություններով և նվերներով և վերստին Հայաստան վերադառնալու մեծ ցանկությամբ։ Հատկապես, երբ ես մեր տան պատշգամբից ուղիղ նայում եմ նրանց` Հովնանյանի կողմից իրեն նվիրած հողին։ Իսկ վիրավորական մեկնաբանություններն անխուսափելի են։ Ես էլ եմ ֆեյսբուքով մի հոգու հետ վիճաբանությունների մեջ եղել։ Իսկ անշնորհք քոմենթներին բացասական եմ վերաբերվում։ Դրանք գրվում են հաճախ միայն նախանձից և չկամությունից դրդված։ Դա անում են մեծամասամբ իրենց կյանքում տեղ չգտած երիտասարդ փուչ աղջիկները»։
«168 ԺԱՄ»