Մենք չենք էլ կարող պատկերացնել Վատիկանում տեղի ունեցածի քաղաքական ազդեցությունը. Սամվել Ֆարմանյան
Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում մատուցված պատարագը կաթոլիկ եկեղեցու կողմից մատուցված առաջին պատարագն էր՝ հայ ժողովրդի և Հայոց Ցեղասպանության դատապարտման գործընթացում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Ներկա լինելով այդ կարևոր միջոցառմանը և կիսվելով իր տպավորություններով՝ վերջինս նշեց, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապն իրերն իրենց անունով կոչեց և Հայոց Ցեղասպանությունն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն. «Այս պատարագը կարևոր էր նաև նրանով, որ հայ կաթողիկոսների աղոթքը նույնպես հնչեց: Սա վկայում է հայ-առաքելական և կաթոլիկ եկեղեցիների՝ որպես քույր եկեղեցիների համագործակցության մասին»:
Ֆարմանյանն առանձնացրեց նաև Գրիգոր Նարեկացու տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակումը: «1298թ. Հռոմի պապի կողմից որոշվել է, որ տիեզերական վարդապետի կոչումը ստանում են նրանք, ովքեր ոչ թե ազդեցություն են ունեցել իրենց սերնդակիցների շրջանում, այլ կառուցել են կրոնական ուսմունքի ապագան: Պապն այդ պատիվը տվեց Նարեկացուն»:
Մեր արտաքին քաղաքականության համար, ըստ նրա, տեղի ունեցածը կարևոր ձեռքբերում էր և Հայոց Ցեղասպանության դատապարտման համար մեր ժողովրդի պայքարում մեծ ազդեցություն ունի:Թուրքական արձագանքները սպասելի էին, այստեղ լուրջ գործունեություն է ծավալել, ըստ քաղաքական գործչի, նաև մեր դիվանագիտությունը:
«Ֆրանցիսկոս պապը ոչ միայն զորակցությունը հայտնեց, այլև միջազգային հանրության մեջ այս հարցի հետ կապված առաջնորդի դեր ստանձնեց: Թուրքական կողմը մինչև այդ ամեն ինչ արել էր, որ միջոցառումը տեղի չունենա: Չեմ ուզում մտածեմ, որ թուրքական կողմը միջոցներ կձեռնարկի երկրի ներսում կաթոլիկ համայնքի վրա ճնշումներ գործադրելու տեսանկյունից»,-հայտնեց Ս. Ֆարմանյանը՝ հավելելով, որ մենք չենք էլ կարող պատկերացնել, թե ինչ քաղաքական ազդեցություն կարող է ունենալ Վատիկանում տեղի ունեցածը:
Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին՝ Հռոմի պապի Հայաստան այցելության մասով, վերջինս նշեց, որ սուրբ պատարագից և Հայոց Ցեղասպանությունը դատապարտելուց հետո նրա Հայաստան այցի մասին խոսելը մանկամտություն է: