
ԱՄՆ-ը դեմ է արտահայտվել Ռուսաստանի կողմից Իրանին С-300 համալիրներ մատակարարելուն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Իրանին С-300 զենիթա-հրթիռային համալիրներ մատակարարելու վրա դրված արգելքի հանումը չի ազդի իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում «Վեցնյակի» երկրների միասնության վրա:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ժամանակ դեմ է արտահայտվել С-300-ների շուրջ ռուսական կողմի որոշմանը:
Բացի այդ, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ արգելքի հանումը կարող է սպառնալիքի տակ դնել Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը նրա միջուկային ծրագրի շուրջ վերջնական գործարքի շրջանակներում: Նա նշել է, որ Ռուսաստանի հետ միասնությունը շատ կարևոր է վերջնական գործարքին հասնելու համար: