
«Նորմանդական քառյակը» կողմ է արտահայտվել Դոնբասում ԵԱՀԿ-ի մշտական առաքելության ծավալմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «նորմանդական քառյակի» երկրների արտգործնախարարները երեկ Բեռլինում անցկացրած բանակցությունների ժամանակ հաստատել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ մինսկյան պայմանավորվածությունների պահպանման անշեղության անհրաժեշտությունը:
Այս մասին հանդիպման արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. «Մինսկյան պայմանավորվածությունները պետք է կատարվեն ողջ ծավալով, ոչ միայն ռազմական մասով, այլև՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար մասերով»:
Լավրովը հայտարարել է, որ ինքն ու իր գործընկերները մտահոգություն են հայտնել Կիևի կողմից Դոնբասի շարունակվող տնտեսական մեկուսացման կապակցությամբ: Բանակցությունների մասնակիցներն աջակցել են հակամարտության գոտում ԵԱՀԿ-ի մշտական առաքելության գաղափարին և կազմակերպությանը կոչ են արել ավելի ակտիվ մասնակցել հակամարտության կարգավորմանը: