Գուրգեն Դաբաղյանը՝ Քարդաշյանների հետ հանդիպման, հետագա համագործակցության և Քլոեի հետ ամուսնության մասին. Life.Panorama.am
Life.Panorama.am-ն այսօր զրուցել է երգիչ Գուրգեն Դաբաղյանի հետ, ով վերջին երկու օրվա ընթացքում հասցրեց շարժել երիտասարդներից շատերի հետաքրքրությունն ու «նախանձը»՝ հայտնվելով Հայաստան ժամանակ Քարդաշյանների ընտանիքի միջավայրում: Երեկ համացանցում նույնիսկ խոսակցություններ տարածվեցին, թե երիտասարդ երգիչն ու Քլոե Քարդաշյանը շուտով ամուսնության երդում կտան։ Թեև, խոսակցությունների պատճառը միայն մտերմիկ սելֆին էր, սակայն մեր զրույցից պարզ դարձավ, որ երգչի սիրտն այլևս զբաղված է… կարծես թե։
-Գուրգեն, այժմ ի՞նչ նորություններ ունեք Ձեր հանդիսատեսի համար:
-Շատ տարբեր: Շուտով նոր երգեր կունենամ։
-Մի քանի օրից ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության հիշատակության օրը: Բոլոր ստեղծագործողները փորձում եմ ինչ-որ կերպ անդրադառնալ այդ ցավալի իրողությանը: Դուք և՞ս որևէ միջոցառում նախատեսում եք:
-Դեռևս որևէ մտահղացում չունեմ, բայց հնարավոր է, տարվա մեջ ինչ-որ կերպ անդրադառնամ: Բայց ասեմ, որ հատուկ շեշտադրում չեմ անում, չեմ մտածում Ցեղասպանության տարելիցին նվիրված որևէ բան անել միայն նրա համար, որ բոլորն անում են: Պարզապես, եթե հետաքրքիր մտահղացում ծնվի, անպայման կիրականեցնեմ: Բայց ամեն ինչ, բնականաբար, դրանով չի որոշվում: Չեմ անի միայն նրա համար, որ ինչ-որ բան արած լինեմ:
-Վերջերս խոսում էին այն մասին, որ հնարավոր է, Ձեր երգերի ոճը փոխեք: Համապատասխանո՞ւմ է իրականությանը:
-Իհարկե ոչ: Ոճն ամբողջությամբ փոխելու մասին խոսք լինել չի կարող: Պարզապես կլինեն նոր գործիքավորումներ: Բացի ժողովրդական երգերից, հնարավոր է, լինեն մի փոքր էստրադային մոտեցմամբ երգեր, գործիքավորման ավելի ժամանակակից մոտեցումներ, բայց ոչ ոճային ամբողջական փոփոխություն:
-Երբևէ 6/8 ոճի մեջ կերգե՞ք:
-Իմ երգացանկում միշտ էլ եղել են ու կան 6/8 ոճի երգեր: Դա այն չափն է, որը հայկական գրեթե բոլոր երգերի մեջ էլ կա: Ես երգում եմ Սայաթ-Նովա, որտեղ 6/8-եր կան… Ես հասկանում եմ, որ դուք նկատի ունեք թեթև «քեֆային» երգերը, բայց դա կապ չունի հատուկ այդ երգերի հետ, դա երաժշտական չափ է:
-Հարսանիքների, կորպորատիվ միջոցառումների ժամանակ երգո՞ւմ եք:
-Իհարկե, և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս:
-Հատկապես հարսանիքներին սիրում են առավել թեթև երգ-երաժշտություն հնչեցնել: Ժողովրդական երգն ինչպե՞ս են ընդունում:
-Յուրաքանչյուր երգչի հրավիրում են իր անունի ու իր երգացանկի համար: Թե՛ հրավիրող կողմը, թե՛ երգիչն ունեն իրենց պայմանները: Իմ պայմանների կետերից մեկն այն է, որ պարտադիր պետք է երգեմ իմ երգացանկի երգերը: Եթե հրավիրող կողմը համաձայնում է և հենց ինձ է հրավիրում, նշանակում է, նա ցանկանում է լսել իմ երգերը, որոնցով ինձ սիրում է, ճանաչում: Ինքս էլ, բնականաբար, չեմ խառնում համերգը հարսանիքի հետ, երգում եմ իմ երգերից նրանք, որոնք այդ տեղին են համապատասխան: Իհարկե, հնչում են նաև լուրջ ժողովրդական երգեր, բայց առավել շատ՝ պարային ուրախ կատաումներ:
-Ռեստորանում, ակումբում և՞ս աշխատում եք:
-Ոչ:
-Ինչո՞ւ: Սխա՞լ եք գտնում ռեստորանային երգչի աշխատանքը:
-Ոչ, ոչ, սխալ չեմ գտնում ռեստարանում կամ ակումբում աշխատելը, ընդհակառակը, դա իր դրական կողմն էլ ունի: Պարզապես ես ունեմ իմ զբաղվածությունը, այդ պատճառով չեմ ցանկանում այլ տեղ աշխատել:
-Որքան նկատել եմ, առավել հաճախ դրսում եք լինում:
-Համերգներ այստեղ շատ քիչ են կազմակերպվում: Կազմակերպիչներն, ովքեր համերգների կազմակերպմանը բիզնես տեսանկյունից են մոտենում, հասկանում են, որ Հայաստանում համերգ կազմակերպելը ոչ ձեռնտու է: Այդ պատճառով էլ չեն կազմակերպում: Իսկ դրսում համերգներ հաճախ են կազմակերպվում: Այնտեղ կարոտ են հայկական երգի:
-Հայաստանի պայմաններում կարողանո՞ւմ եք նորմալ վաստակել:
-Այո, դժգոհ չեմ:
-Այժմ ամուսնացած չեք, ընտանեկան մեծ հոգսեր չունեք: Ի՞նչ եք կարծում, հետագայում, որպես ընտանիքի ամուսին, հայր, ֆինանսական հնարավորությունները կբավականեցնե՞ն:
-Գիտեք, այդ բավականեցնելը մի քիչ հարաբերական է. մարդ կա, իրեն ամիսը 100 դոլարն էլ է բավականեցնում, մարդ էլ կա՝ 100 հազար դոլարը չի բավականեցնում: Բայց եթե նորմալ, միջին ծախսերով ապրես, ապա այո, կբավականեցնի, դեռ մի բան էլ ավել:
-Ձեզ, որպես երիտասարդ, օրեկան կտրվածքով որքա՞ն գումար է անհրաժեշտ լինում:
-Ներեցեք, այդ հարցին չեմ պատասխանի, քանի որ իմ եկամուտների և ծախսերի մասին խոսել չեմ սիրում:
-Գուրգեն, մի քիչ զրուցենք վերջին երկու օրում խոսակցությունների ալիք բարձրացրած մի երևույթից. ըստ շատերի, դուք եղաք այն երջանիկներից, ում հաջողվեց հանդիպել Քարդաշյաններին, նույնիսկ նրանց հետ սելֆի հրապարակել՝ շարժելով ոմանց նախանձը: Պատահակա՞ն էր հանդիպումը:
-Հանդիպումը տեղի ունեցավ Հովնանյան ընտանիքի հրավերով: Վահագնի թաղամասում Քիմ Քարդաշյանին հողատարածք նվիրվեց և այդ օրը փոքրիկ փակ հանդիպում կազմակերպվեց նրանց հետ: Այնտեղ էին Քարդաշյանները, Հովնանյանները, նաև հրավեր ստացանք ես և հորեղբայրս՝ Գևորգ Դաբաղյանը՝ նրանց ծանոթացնելու հայկական երաժշտության և նվագարանի հետ: Մենք սիրով համաձայնեցինք: Ասեմ, որ հանդիպումը շատ լավ անցավ, իրենց համար հետաքրքիր էր: Կարևոր էր, որ իրենք ծանոթանան իսկական հայկական երաժշտությանը:
-Հետագա շփման համար պայմանավորվածություն ձեռք բերեցի՞ք, հատկապես, որ դուք ԱՄՆ-ում հաճախ եք լինում:
-Քիմ Քարդաշյանի անձնակազմի աշխատակիցների հետ փոխանակվեցինք կոորդինատներով: Չի բացառվում, որ հետագայում կհամագործակցենք։ Նաև ասեմ, որ մեր հանդիպումը, երգը, զրույցը նկարահանվել է և իրենց ֆիլմում օգտագործվելու է:
-Ըստ Ձեզ, այս այցը մեզ ի՞նչ տվեց: Ադյոք իրենց շուրջ այսքան բուռն արձագանքը ճի՞շտ էր:
-Չեմ կարծում, որ Քարդաշյանների այցը կարող է մեզ կամ մեր երկրին վնասել: Նման խնդիր չեմ տեսնում: Իսկ նման աղմուկներն ինքնըստինքյան են ձևավորվում, առաջանում: Սա բնական արձագանք էր: Քարդաշյանի հայտնիությունն այնքան մեծ է, որ իր անձի շուրջ քննարկումները, խոսակցությունները, սկանդալներն անընդհատ են: Անգամ Ամերիկայում, որտեղ նա ապրում է, միշտ քննարկումների էպիկենտրոնում է լինում: Այնպես որ, այսպես էլ պետք է լիներ:
-Իրենց հետ շփումից ի՞նչ տպավորություն ստացաք:
-Շատ լավ տպավորություն: Սովորական նորմալ մարդիկ էին, պարզապես շատ հայտնի: Հաճելի էին, ազատ, ընկերական, հումորավ: Փոխանակվեցինք, իրենց նվիրեցի իմ DVD-ին, զրուցեցինք, մի փոքր ճաշեցինք ու նկարվեցինք:
-Մինչ իրենց հետ շփվելը Ձեր կարծիքը նույնն էր, թե շփումից հետո կարծիքի փոփոխություն կատարվեց:
-Գիտեք, քանի որ հայտնի մարդկանց շատ լավ եմ ճանաչում, ինքս էլ, թեկուզ Հայաստանի մասշտաբով, այդ հայտնիությունը զգացել եմ, գիտեմ, որ անկախ ամեն ինչից, սովորական մարդիկ են, իրենց լավ ու վատ, ուժեղ ու թույլ կողմերով: Սպասում էի, որ իրենք սովորական ու հասարակ մարդիկ են, պարզապես մեծ հայտնիություն ունեցող: Մեր շփումից ուղղակի զգացի, որ անմիջական են շատ:
Հարցազրույց ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: