Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկում Պրահայում

Ապրիլի 9-ին Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի անունը կրող գրադարանի և չեխ պատմաբան, լրագրող Մարկետա Պավկովայի նախաձեռնությամբ և Չեխիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Պրահայում տեղի ունեցավ «Հայերի ցեղասպանությունն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ» խորագրով քննարկում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Քննարկմանը մասնակցում էին չեխ հայագետ, Պրահայի Կարլի համալսարանի դասախոս, Չեխիայի Սահմանադրական դատարանի աշխատակից Միլադա Կիլիանովան, Կարլի համալսարանի բողոքական աստվածաբանության ֆակուլտետի դասախոս,«Չարիքի հնէաբանություն» ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը և չեխահայ հայագետ, Կարլի համալսարանի դասախոս, նվագախմբի և երգչախմբի գլխավոր դիրիժոր Հայկ Ութիջյանը: Քննարկումը վարում էր հայտնի պատմաբան Պետր Շուլցը: Միջոցառմանը ներկա էին նաև չեխական հասարակական-քաղաքական և գիտական շրջանակների, Չեխիայի հայ և թուրք համայնքների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Բանախոսները հանգամանալից քննարկեցին Հայոց ցեղասպանության նախապատրաստման և իրագործման պատմությունը, դրա պատճառները, անդրադարձան Թուրքիայի կողմից մինչ այսօր շարունակվող ժխտողականության քաղաքականությանը:

Միլադա Կիլիանովան իր ելույթում ներկայացրեց Հայոց ցեղասպանության ժամանակագրությունն ու մանրամասները` նշելով, որ ժամանակակից Թուրքիան պարտավոր է ընդունել սեփական պատմության դաժան իրողությունները և դատապարտել նախնիների ոճրագործությունները։ Շիմոն Կրբեցն անդրադարձավ Հայոց ցեղասպանության պատմական և իրավական ասպեկտներին` համեմատական անցկացնելով այլ ցեղասպանությունների հետ։ Հայկ Ութիջյանը նշեց, որ Հայոց ցեղասպանությումը ոչ թե միջկրոնական հակամարտության, այլ թուրքական ազգայնականության արդյունք է: Նա շեշտեց, որ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ուղղված է ոչ թե թուրք ժողովրդի դեմ, այլ պատմական արդարության վերականգնմանը և հետագա ցեղասպանությունների կանխարգելմանը:

Տեսանյութեր

Լրահոս