
Չեխիայի նախագահը մայիսի 9-ին չի մասնակցի Մոսկվայում անցկացվելիք զորահանդեսին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն աշխատանքային այցով Մոսկվայում կգտնվի մայիսի 8-10-ին և կմասնակցի Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:
Այս մասին գործակալությանը հայտնել է Չեխիայի նախագահին մոտ կանգնած նրա աղբյուրը: Նրա խոսքերով` Զեմանը չի մասնակցի Կարմիր հրապարակում անցկացվելիք զորահանդեսին և փոխարենը ծաղկեպսակ է դնելու Անհայտ զինվորի գերեզմանին:
Աղբյուրն ընդգծել է, որ Զեմանն անհրաժեշտ է համարում մոսկովյան միջոցառումներին իր մասնակցությունը: Նա մտադիր է հարգանքի տուրք մառուցել խորհրդային զինվորներին` որոնք Չեխոսլովակիան ազատագրել են ֆաշիզմից:
Ընդգծվում է, որ Զեմանն ինքնուրույն է որոշում ընդունել զորահանդեսին չմասնակցելու մասին: Այդ ընթացքում նա Մոսկվայում կհանդիպի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ: