
«Տեսնո՞ւմ եք, հրաշքներ լինում են». Շարմազանովն արձագանքեց Փոստանջյանին

Այսօր ԱԺ նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կոչ արեց գործընկերներին արտահերթ նիստ հրավիրել և մինչև ապրիլի 24-ը նախագիծն ընդունել: Նա նշեց, որ բոլոր ներկայացված առաջարկները հնարավորինս ընդգրկել է նախագծում ու ընթերցեց հայտարարության տեքստը:
Հետևելով նախքան իր ելույթը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հորդորին՝ մի երկու խոսք ասել քննադատությունների մասին, Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ ժամանակը ցույց տվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականությունը սնանկ էր և այդ ժամանակներն արդեն անցել են:
«Սա այն դեպքն է, որ ես Ձեզ պետք է ծափահարեմ, տիկի՛ն Փոստանջյան,- չուշացավ Շարմազանովի հիացական խոսքը,- Տեսնո՞ւմ եք, հրաշքներ լինում են՝ իմ և Փոստանջյանի կարծիքները երբեմն համընկնում են»: