Սևանում ֆիզիկայի ուսուցչի հետ միջադեպի արդյունքում աշակերտը կորցրել է աչքը. գործը դատարանում է

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 2014թ. դեկտեմբերի 9-ին Սևանի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը:

Սևանի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ.դեկտեմբերի 9-ին,ժամը 11:30-ի սահմաններում դպրոցի 8-րդ դասրանում` ֆիզիկայի դասաժամի վերջնամասում, լսելով դասարանում բարձրացած ծիծաղի ձայնը, հետ է շրջվել և տեսել, որ այդ դասարանի տղա աշակերտներից մեկն առանց իրենից թույլտվություն հարցնելու, գնացել ու անցել դասարանի վերջնամասի անկյունում տեղադրված կախիչի հետնամաս, դասաժամը չընդատելու համար, գրատախտակի մոտից աշակերտական նստարանների միջնամասով, հետ-հետ քայլել է դեպի կախիչի ուղղությամբ:

Ըստ մեղադրանքի՝տղան, կարծելով,որ ուսուցչուհին կարող է մոտենալ իրեն և պատժել, լարված վիճակում սպասել է,թե ուսուցչուհին որ կողմից կմոտենա իրեն,որպեսզի ինքը հակառակ կողմից դուրս գա, փախչի և ուսուցչուհին չկարողանա իրեն պատժել, այն պահին, երբ ուսուցչուհին հասել է կախիչի մոտ, տղան կախիչը հրել է ուսուցչուհու ուղղությամբ,որպեսզի կարողանա դուրս գալ և փախչել: Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նույն պահին, տեսնելով, որ դասարանի աշակերտների հագուստներով ծանրաբեռնված կախիչը գալիս է իր ուղղությամբ, թեև տվյալ իրադրության պայմաններում պարտավոր էր, կարող էր և հնարավորություն ուներ նախատեսել իր գործողության հետևանքով հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը,չի նախատեսել դրանք և դրսևորել է հանցավոր անփություն, կախիչը հետ է հրել իր սկզբնական դիրք, որի հետևանքով հագուստների կախիչը հետ է շպրտվել, մետաղյա ոտնակների վրա կանգնելու ընթացքում` կեռիկների հատվածում, ընկել է տատանումների մեջ, որի ժամանակ կախիչի հետնամասի մետաղյա կեռիկներից մեկը դիպել է աշակերտի ձախ աչքին` նա առողջությանը անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս` ձախ աչքի շրջանի ակնակապիճների հեմատոմայի, ձախ աչքի վերին կոպի աջ անկյան շրջանի սալջարդ վերքի, ձախ ակնագնդի ենթահոդախախտի` տեսաներվի լրիվ պոկման, դրսային ուղիղ և ստորին թեք մկանների պոկման ձևով, որն էլ հանգեցրել է ձախ աչքի տեսողության լրիվ կորստի:

Ուսուցչուհուն մեղադրանք է առաջարվել անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրի 120-րդ հոդվածի 1-ին մաս: Քրեական օրենսգրքով՝ այս արարքի համար նախատեսված է պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երկու ամիս ժամկետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ աշակերտի ներկայացուցիչը համաձյան չէ ուսուցչուհուն առաջադրված մեղադրանքի հետ:

Տեսանյութեր

Լրահոս