«Մեր հանրահավաքը տեղի է ունենալու, եթե նույնիսկ 300 հոգու ձերբակալեն. autopilot-ի վրա է»
«Փորձում են խոչընդոտել մեր արտոնված ապրիլ 24-ի հանրահավաքը: Շեշտում եմ՝ արտոնված, որովհետև արդեն արտոնել են: Մենք էլ համաձայնել ենք, որ Էրեբունիի թանգարանի առաջ ընդունենք, և հիմա փաստորեն այս գործարքով նրանք խոչընդոտում են մեր հանրահավաքներ կազմակերպելը, որը քրեորեն պատժելի արարք է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը, ով ևս այսօր բերման էր ենթարկվել, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել:
Հարցին՝ արդյոք այս ամենից հետո հանրահավաքը տեղի կունենա՞, Կարո Եղնուկյանը պատասխանեց. «Մեր հանրահավաքը տեղի է ունենալու, եթե նույնիսկ 300 հոգու ձերբակալեն: Արդեն մեր ձեռքը չէ, դա արդեն իներցիայով գնում է, autopilot-ի վրա է, այսպես ասած»:
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:
Հարցին՝ արդյոք սպասվո՞ւմ էին անկարգություններ իրենց կողմից, Կարո Եղնուկյանը պատասխանեց. «Մեր կողմից՝ ոչ: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիա ենք կազմակերպում: Մենք այսքանն ենք ասել: Իրենք են, որ փորձում են հիմա, այսպես ասած, եզան տակ հորթ փնտրել: Թող փնտրեն, չեն կարող գտնել, որովհետև ոչ մի հայտարարության մեջ չի ասվել որևիցե անկարգության մասին: Միակ բանը, որ ասվել է, որ եթե իշխանությունները սադրեն, ինչպես դա արեցին Բերձորում, ինչպես արեցին Գյումրիում, ինչպես արեցին մարտի 1-ին և այլն, և ժողովրդի վրա ձեռք բարձրացնեն, նորից մարտի 1 ստեղծեն, այն ժամանակ մենք ասել ենք, շեշտում եմ, որ ժողովուրդն իրավունք ունի ինքնապաշտպանվել: Հիմա ինքնապաշտպանությունն ինչ կերպ կլինի, մենք հիմա չենք կարող ասել: Մենք չենք իմանում: Հիմա հանրահավաքում տղաներից մեկին բռնեն և այդ տղային սկսեն դուբինկաներով ծեծել, այդ տղան ինչպե՞ս կարձագանքի, ես չեմ իմանում, դա ինքը գիտի»: