Որոշ դեղեր շուկայից բացակայում են ոչ թե ներմուծողների, այլ արտադրողների խնդիրների պատճառով
Ինչ է լինում, երբ հիվանդը բժշկի նշանակած դեղացանկը ձեռքին` մտնում է դեղատուն և չի գտնում հենց այն դեղորայքը, որը գրված է թերթիկի վրա։ Մի քանի դեղատներում հարցում կատարելուց և բազայում չհայտնաբերելուց հետո սկսվում է խուճապը։
Լիլիթ Մանուչարյանը մանկաբույժ է և նշանակումներ անելիս առաջնորդվում է արդեն փորձված և հայտնի դեղերով. «Զանգում են, թե` դեղատներում այդ դեղը չկա, բժիշկ ջան, հին դեղ է, չի վաճառվում, փոխարինողներ են խորհուրդ տալիս, ի՞նչ կասեք։ Նման դեպքեր վերջին ամիսներին շատ են եղել, սկսեցի անձամբ գնալ դեղատներ, հասկանալ` ինչո՞ւ չկան այդ դեղերը։ Պարզվեց` ուղղակի որոշ դեղեր արդեն չեն ներմուծվում, սակայն չի բացառվում, որ նորից մի որոշ ժամանակ անց այդ նույն դեղերը կհայտնվեն շուկայում»։
Լ. Մանուչարյանի խոսքով, կան նույն խմբի այլ դեղեր, որոնք կարող են անգամ ավելի լավը լինել, քան վաճառքից հանված դեղերը, բայց քանի որ իր հիվանդները մինչև 7-8 տարեկան փոքրիկներ են, ռիսկային է դառնում անծանոթ դեղ նշանակելը, ինչպես նաև մեծանում է պատասխանատվությունը։ «Իրականում ես որպես բժիշկ` ունեմ արդեն փորձված դեղեր, որոնք, կոնկրետ դեպքերում, գիտեմ` ինչպես կարող են ազդել, ի վերջո, հակացուցումներ կան, բացի դրանից, երեխաների օրգանիզմը դեռ բավարար դիմադրողականություն չունի, որ փորձեր արվեն։ Ինձ դեղատներում աշխատակիցները մեղադրում էին կողմնորոշելու մեջ` նշելով, որ նույն խմբի դեղերը կարող են փոխարինել միմյանց` առանց որևէ խնդրի։ Ես պնդում եմ, որ նորամուծությունները պետք է ընդունվեն ժամանակի ընթացքում, պետք է միաժամանակ նույն խմբի տարբեր դեղեր վաճառվեն, ամեն բժիշկ իր մոտեցումն ու նշանակումն ունի»,- մեզ հետ զրույցում իրավիճակը նկարագրեց բժիշկը։
Նման խնդրի առջև կանգնում են նաև այլ հիվանդներ, որովհետև դեղերի կեսից ավելին ժամանակ առ ժամանակ ներմուծման խնդիրների պատճառով բացակայում է դեղատներից և բազաներից։ «5+» դեղատների ցանցի աշխատակից, դեղագետ Ասատուր Սևոյանը անդրադառնալով այս խնդրին` նշեց, որ երևույթը նոր չէ, պարզապես հնարավոր է` վերջին շրջանում փոխարինող նոր դեղորայքն է ավելի գերակշռող դարձել։ Նրա խոսքով` լինում է` ամիսներով որոշ դեղեր վերանում են բազաներից, սակայն որոշ ժամանակ անց նորից ներմուծվում են։
Որպես օրինակ` նա մատնանշեց «Լևոդենկ» դեղը, որը դենկ խմբին պատկանող դեղորայք է և այժմ չկա դեղատներում և փոխարինվում է նույն խմբի «Լևոֆրոկսացինով», մարդկանց մոտ վստահության խնդիր է առաջացնում. «Մարդիկ սովոր են ֆիրմային, և, եթե այն փոխվում է, սկսվում է խուճապը, անվստահությունը, մյուս կողմից էլ` այս հարցում կողմնորոշող է բժշկի խոսքը, հիվանդը մեր մոտից զանգահարում է և ասում, որ նշանակած դեղը չկա, ուրիշ դեղ կա, ասում են` մի գնի, այլ դեղատներում նայի»։
Դեղագետը նշեց, որ այս հարցում հոգեբանական խնդիր կա, քանի որ դեղատների բոլոր աշխատակիցները դեղագետներ են և շատ լավ գիտեն, թե որ դեպքերում կարող է դեղը փոխարինել նույն ազդեցությամբ այլ դեղորայքով, և որ դեպքերում խնդրել հաճախորդին` նորից խորհրդակցել բժշկի հետ։
Դեղորայք նորմուծող մի շարք կազմակերպություններ հրաժարվեցին այս թեմայով խոսել, քանի որ դեղագործական ընկերությունների հետ ունեն պայմանագրեր, որտեղ որոշակի կոնֆիդենցիալ տեղեկություններ կան ներմուծումների մասով, հետևաբար` նշեցին, որ սխալ է տեղեկություններ տալ, թե ինչու ժամանակ առ ժամանակ որոշ դեղերի ներմուծում դադարեցվում է։
«Ռիխտեր-Լամբրոն» ընկերությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ներմուծման դադարեցումը պայմանավորված է որոշ դեղագործական ընկերությունների խնդիրներով. «Հնարավոր են տեխնիկական խնդիրների պատճառով կամ ծավալների կրճատման, բայց ոչ երբեք` գների հետ կապված։ Եթե անգամ լինում է գնային փոփոխություն` դա չի կարող տարածվել ներմուծողների վրա, քանի որ պայմանագրերով գները կարգավորվում են, եթե թանկանում է դեղը, ապա պայմանագրի ժամկետը լրանալուց հետո միայն ներմուծողը կսկսի ավելի թանկ վճարել»։
Ըստ դեղատների աշխատակիցների, ստացվում է, որ որոշ դեղեր այդպես էլ չեն ընդունվում հասարակության կողմից և մի քանի խմբաքանակ ներմուծվելուց հետո ոչ բավարար սպառման պատճառով դուրս են մղվում շուկայից, այդ թվում նաև` շատ արժեքավոր և դրսում մեծ պահանջարկ ունեցող դեղամիջոցներ։