
Բնակչությունը սկսել է քիչ կառուցել

2015 թվականի հունվար փետրվարին Հայաստանում իրականացված շինարարության ծավալը կազմել է 19 միլիարդ 671.1 միլիոն դրամ։ Ցուցանիշը մեծ չէ, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գոնե մի փոքր՝ 0.8%-անոց աճ կա։
Սակայն աճը խիստ տարբեր է՝ ըստ կառուցողների խմբերի։
Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ պետբյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալն աճել է 23.2%-ով և կազմել 2.7 միլիարդ դրամ։ Համայնքները շինարարության ծավալներն ավելացրել են 60.1%-ով։
Միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալն աճել է 2.5 անգամ և հասել շուրջ 1.5 միլիարդ դրամի։
Կազմակերպությունների հաշվին իրականացվել է 11.8 միլիարդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա ցուցանիշից բարձր է 6%-ով։
Այս ամենի ֆոնին բացասական իմաստով առանձնում է բնակչության հաշվին իրականացվող շինարարությունը։ Այն նվազել է 35.1%-ով`հասնելով 3.5 միլիարդ դրամի։