«Հո մե՞նթ չես». երիտասարդը մեղավոր է ճանաչվել ոստիկանին քաշքշելու, հարվածելու մեջ

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 22-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ և դատապարտվել 6 ամիս ժամկետով ազատազրկման:

22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,  ալկոհոլային հարբած վիճակում, գիշերային ժամին փողոցում գտնվելով` կասկած է հարուցել այդ տարածքում հաստատված գրաֆիկի համաձայն՝ ոստիկանի համազգեստով գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող, իր ծառայողական պարտականությունները կատարող Ոստիկանության տեսուչի մոտ, ինչի համար ոստիկանը երիտասարդին ներկայանալով՝ Ոստիկանության աշխատակից, դիմելով նրան՝ փորձել է ճշտել վերջինիս ինքնությունը, սակայն երիտասարդը, դրսևորելով հանդգնություն, Ոստիկանության աշխատակցին անվանել է «մենթ», որից հետո կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով նրա նկատմամբ` քաշքշել, ձեռքերով հարվածել է նրա դեմքին, գցել գետնին և շարունակել դիտավորությամբ հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:

Ըստ ընդհանուր իրավասության դատարանի վճռի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ դեպքի օրը միայնակ դուրս է եկել եղբոր տանից և քայլել դեպի տուն, դեռևս տուն չհասած, իր կողքին կանգնել է ռուսական արտադրության ավտոմեքենա, որի ուղևորը մեքենայից կոպիտ տոնով հարցրել է՝ «ո՞վ ես, ո՞ւր ես գնում»: Ինքը հարցից զայրանալով՝ պատասխանել է հարցով. «հո մե՞նթ չես»: Ավտոմեքենայի ուղևորը դուրս գալով ավտոմեքենայից՝ մոտեցել է իրեն և ասել, թե՝ «միլիցեն ի՞նչ կապ ունի, արի տղավարի խոսենք»: Ինքը պատասխանել է , որ նրան չի ճանաչում և չի կարող տղավարի խոսել, որից հետո իրենք սկսել են վիճաբանել, քաշքշել իրար, որի հետևանքով ընկել են գետնին: Այդ պահին իրենց է մոտեցել նշված ավտոմեքենայի վարորդը և ճանապարհով անցնող ավտոմեքենայի լույսերի տակ նկատել է, որ, ինչպես վարորդը, այնպես էլ իր հետ վիճաբանողը ոստիկանական բաճկոնով են: Դա տեսնելով՝ ինքը դադարեցրել է քաշքշուկը և հեռացել դեպի տուն, որտեղ նյարդերը հանգստացնելու համար օգտագործել է ոգելից խմիչք, իսկ առավոտյան, հասկանալով, որ տեղի ունեցածի հետևանքով կարող են առաջանալ բարդություններ, ինքնակամ ներկայացել է Ոստիկանության բաժին: Մթության պատճառով չի տեսել, որ ավտոմեքենայի մեջ գտնվողները Ոստիկանության աշխատակիցներ են, և իրեն մոտեցած անձը չի ներկայացել՝ որպես Ոստիկանության աշխատակից, հակառակ դեպքում ոստիկանի հետ չէր վիճաբանի ու նրա հետ քաշքշուկի մեջ չէր մտնի: Վերջինիս ինքը չի հարվածել, և նա էլ իրեն չի հարվածել: Տեղի ունեցածի համար զղջում է, քանի որ հարգալից է ոստիկանների նկատմամբ և ունի Ոստիկանությունում աշխատող բարեկամներ:

Ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայն՝ տուժող ոստիկանը հայտնել է, որ իրականացրել են գիշերային շրջիկ ծառայություն գործընկերոջ հետ, երկուսն էլ եղել են ոստիկանական համազգեստով: Փողոցներից մեկում նկատել են քաղաքացու, որի քայլվածքը կասկած է հարուցել: Այդ անձի ինքնությունը պարզելու նպատակով ավտոմեքենան կանգնեցրել է նրա մոտ, ինքը դուրս է եկել ավտոմեքենայից, մոտեցել է այդ քաղաքացուն և հարցրել է, թե նա որտեղի բնակիչ է: Չնայած մթությանը, ինքը տեսել է, որ քաղաքացին երիտասարդ տղա է: Վերջինս պատասխանել է հարցով, թե՝ «մե՞նթ եք»: Ինքը հայտնել է, որ Ոստիկանության աշխատակիցներ են և իրականացնում են գիշերային շրջիկ ծառայություն: Սակայն այդ պահին քաղաքացին ձեռքով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով ինքն ընկել է գետնին, և մի պահ գիտակցությունը մթագնել է, սակայն մարմնի տարբեր մասերին զգացել է ոտքի հարվածներ: Գործընկերոջ միջամտությունից հետո այդ քաղաքացին թողել հեռացել է: Ինքն անմիջապես զանգահարել է Ոստիկանություն և պատմել տեղի ունեցածի մասին: Դեպքի ժամանակ երիտասարդից ոգելից խմիչքի հոտ է զգացել:

Ոստիկան վկան էլ ցուցմունք է տվել, որ դեպքի օրը տուժողի հետ իր ավտոմեքենայով իրականացրել են գիշերային շրջիկ ծառայություն, երկուսն էլ եղել են ոստիկանական համազգեստով: Փողոցներից մեկում նկատել են քաղաքացու, որի քայլվածքը կասկած է հարուցել: Այդ անձի ինքնությունը պարզելու նպատակով ինքն ավտոմեքենան կանգնեցրել է, և այդ քաղաքացուն հարցրել են, թե նա ով է և որտեղի բնակիչ է: Վերջինս պատասխանել է հարցով, թե՝ «մե՞նթ եք»: Տուժողն անմիջապես իջել է ավտոմեքենանայից, մոտեցել է քաղաքացուն, ներկայացել է որպես ոստիկան և հայտնել նաև, որ իրենք իրականացնում են գիշերային ծառայություն: Այդ պահին քաղաքացին հարվածել է տուժողի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա ընկել է գետնին: Արագ իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել է նրանց և փորձել է մի կողմ քաշել տուժողին հարվածող երիտասարդին, սակայն սայթաքել և ամբաստանյալի հետ ընկել են գետնին: Դրանից հետո, երբ ոտքի են կանգնել, վերջինս թողել հեռացել է: Քաշքշուկի ընթացքում ամբաստանյալից ոգելից խմիչքի հոտ է զգացել:

Նշենք, որ հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում վճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

Լուսանկարը՝ արխիվից

 

Տեսանյութեր

Լրահոս