
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին քննարկելու են ԼՂ-ի հարցը. ՌԴ ԱԳՆ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին Մոսկվայում քննարկելու են երկկողմ համագործակցության ու միջազգային օրակարգի այժմեական հարցեր:
Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը: Հայաստանի արտգործնախարարը Լավրովի հրավերով Ռուսաստանի մայրաքաղաքում կգտնվի ապրիլի 7-8-ին: Հանդիպման ժամանակ նախարարները քննարկելու են արտաքին քաղաքական հարցերի համակարգումը, այդ թվում նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ՍԾՏՀԿ-ում, միջազգային այլ բազմակողմ ֆորումների շրջանակներում:
Քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, որում Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրների հետ մեկտեղ խաղում է միջնորդական ակտիվ դեր: Նալբանդյանը ռուսական այցի շրջանակներում հանդիպելու է նաև ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
ՌԴ ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ Նալբանդյանի ռուսական այցը կդառնա կարևոր իրադարձություն՝ արտաքին քաղաքական երկխոսության հետագա զարգացման համար և կծառայի հայ-ռուսական դաշնակցային գործընկերության ամրապնդմանը: