Համացանցում հայտնվել են Գելենջիկի մոտ գտնվող «Պուտինի պալատի» լուսանկարները
Obozrevatel.com-ի փոխանցմամբ՝ համացանցում հայտնվել են Սև ծովի ափին իտալական ոճով կառուցված կալվածքի բացառիկ լուսանկարները, որին անվանում են «Պուտինի պալատ»: Լուսանկարները Facebook-ի իր էջում դրել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնում համախոհ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից Գեորգի Ալբուրովը.
«Գնահատե՛ք Գելենջիկում Պուտինի պալատի (ներկայումս գրանցված է օֆշորում) լուսանկարները, նախկինում դրանք չեն հրապարակվել որևէ տեղ»: Ընդգծվում է, որ առաջին անգամ շքեղ պալատի մասին հայտնի է դարձել 2010 թվականի վերջին: Գելենջիկ հանգստավայրի մոտ գտնվող այդ պալատի կառուցումն արժեցել է մեկ միլիարդ դոլար:
Պուտինի համար նախատեսված շինությունների համալիրի կառուցումը մեկնարկել է 2005 թվականին: Համալիրի տարածքը կազմում է 87 հեկտար, դրանում գտնվում է ուղղաթիռային 3 հարթակ: Պալատի տարածքը կազմում է 2000 քառակուսի մետր, այն ունի բունկեր և ունակ է դիմանալ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի: Բացի այդ, համալիրի տարածքում գործում է 3 հարկանի գինու գործարան: