Բաժիններ՝

«Անմոռուկը շատ լավ կատարում է իր առաքելությունը, մարդկանց պետք է նման խորհրդանիշ». սոցիոլոգ

Վերջին մի քանի ամիսներին անմոռուկը դարձավ շատերի առօրյայի մի մասը, այն հայտնվեց մարդկային երևակայության բոլոր հնարավոր և անհնար դրսևորումներում՝ անձրևանոցների, մեքենաների, մանկական կոշիկների, շապիկների, պայուսակների, հեռախոսների և այլնի վրա: Մինչ շատերը, հատկապես՝ սոցիալական ցանցերում, դժգոհություն են հայտնում խորհրդանիշի տարբեր շահարկումների հետ կապված, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանն այս ամենին այլ բնորոշում է տալիս՝ «անմոռուկն այս օրերին համախմբում է հայերին»:

«Այնքան քիչ նշաններ ու սիմվոլներ ունենք, որ միավորում են մարդկանց, և, եթե անմոռուկը դարձել է այդքան համախմբող, կարելի է միայն ուրախանալ, թեև իսկապես երբեմն անհարկի շահարկումներ լինում են: Նման աժիոտաժ բարձրացնող հայկական սիմվոլներ անձամբ ես քիչ գիտեմ, որոնք այսպես տարածված լինեին հասարակության բոլոր շերտերում»,- 168.am-ին ասաց Գ. Պողոսյանը:

Նրա խոսքով՝ «Արարատը» մեր ունեցած ամենահաջողված սիմվոլն է եղել, որը երկար ժամանակ իր դերը շատ լավ կատարել է Հայաստանում և Հայաստանից դուրս, այն մտել էր մեր հասարակության գիտակցության մեջ և այդ շրջանում այն դարձել էր ֆուտբոլի թիմի, կոնյակի գործարանի, սրճարանի, ռեստորանի և այլն անվանում. «Ցավոք, այն այսօր դուրս է եղել մեր գիտակցությունից, ինչպես նաև շրջանառությունից, մարդիկ կորցրել են «Արարատ» սիմվոլը, և անմոռուկի նման տարածումը վկայում է այն մասին, որ վաղուց արդեն մեր ժողովուրդն ուներ նման սիմվոլի կարիք, որը ոչ թե կտարբերեր, կհեռացներ մարդկանց, այլ կհամախմբեր՝ թեկուզ կարճ ժամանակով»:

Anmoruk Anmoruk.3jpg

Կարդացեք նաև

Սոցիոլոգը համոզված է, որ չնայած կարճ կյանքին՝ անմոռուկը շատ լավ կատարում է իր առաքելությունը, մարդկանց պետք է նման խորհրդանիշ, և նրանք ունեցան այն, թող որ դա անմոռուկը լինի, որը ոմանց կողմից այդքան էլ հավանության չարժանացավ: Գ. Պողոսյանը նշեց, որ հանրային գիտակցությունը շատ արագ յուրացրեց անմոռուկի սիմվոլը, չնայած մարդիկ մեծամասամբ չեն հասկանում դրա նշանակությունը, սակայն լայն տարածումը կատարում է առաքելություններից ամենակարևորը՝ մասսայականությունը:

«Մենք հեռացել ենք նշաններից, խորհրդանիշերից, և դա եղել է մեր մեղքով՝ սոցիոլոգների, հոգեբանների, լրատվամիջոցների, թող հիմա լինի անմոռուկը՝ որպես միավորող նշան, ոչինչ, հետո ավելի կատարյալ սիմվոլներ առաջ կգան: Ժամանակն է վերսկսել միավորումը նաև այսպես»,- ասաց սոցիոլոգը՝ հավելելով, որ անմոռուկը ապրիլի 24-ից հետո որոշ ժամանակ անց կմոռացվի, բայց այստեղ կարևորն այն է, որ այն իր դերը կատարեց:

Ինչ վերաբերում է դրա անհարկի կիրառմանը, հատկապես բիզնես շրջանակներում, Գ. Պողոսյանը նշեց, թե պետք չէ բացասական վերաբերմունք ունենալ անմոռուկի բիզնես նպատակներով օգտագործման փաստին, քանի որ ամբողջ աշխարհում սա տարածված գործելաոճ է:

Anmoruk1

Հոգեբան Աստղիկ Աղաբեկյանը 168.am-ի հետ զրույցում հակադարձելով սոցիոլոգի հնչեցրած տեսակետներին՝ նշեց, թե կարևորը ոչ թե սիմվոլի մասսայականացումն է, այլ նշանակության տարածումը. «Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան ծիծաղելի վիճակում կարող է հայտնվել այն հայը, ով չկարողանա պատասխանել դրսից որևէ մեկի այն հարցադրմանը, թե ի՞նչ իմաստ ունի անմոռուկը: Կարծում եմ՝ այսօր բնակչության շատ չնչին տոկոսն է հասկանում նշանի խորհուրդը: Պետք էր նախքան անմոռուկի շրջանառության մեջ դնելը՝ տարբեր տեղեկատվական միջոցներով հանրությանը տեղեկացնել՝ ինչ իմաստ ու կարևորություն ունի այն այս միջոցառման շրջանակներում, որպեսզի չտեսնենք այն, ինչ տեսնում ենք այսօր անցումների տակ: Անձամբ ես միայն հիշում եմ լրատվականների տեսանյութն այս թեմայով»:

Հոգեբանը նշեց, որ անմոռուկը երկար ժամանակ կմնա մարդկանց գիտակցության մեջ, որովհետև այն տարածվել և փակցված է ամենուր, ամեն տարի ապրիլին այն նորից կարժևորվի՝ որպես հավաքական միավորման սիմվոլ՝ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ:

«Սա այն դեպքն էր, երբ ալիքը կանգ չառավ և խորացավ, այն տարածվեց հնարավոր բոլոր տարբերակներով՝ ինչ-որ իմաստով կորցնելով նաև իր սկզբնական նշանակությունը: Եթե այսօր մարդկանց, ովքեր կրում են անմոռուկներ, հարցնենք՝ ի՞նչ նշանակություն ունի այդ խորհրդանիշը, նրանց մեծ մասը կտա հետևյալ պատասխանը՝ «Ցեղասպանության նշանն է»: Մինչդեռ այլ իմաստ կա այս սիմվոլի տակ»,- նկատեց Ա. Աղաբեկյանը:

Նրա խոսքով՝ նման դեպքերում խորհրդանիշը տարածվում է այնքան, ինչքան միջոցառումը կամ երևույթն ունի դրա կարիքը, և մոռացվում է այն ժամանակ, երբ նոր էջ է բացվում: Անմոռուկի դեպքում՝ այն արդեն տարածական առումով անվերահսկելի է. «Կարծում եմ, այն հետո գաղափարապես հիշվելու է և որպես մասսայական դարձած սիմվոլ՝ երկար ժամանակ կմնա մարդկանց հիշողության մեջ»:

Պարզապես, ըստ հոգեբանի, անընդունելի է, երբ այս խորհրդանիշը հայտնվում է անձրևանոցների, ծաղկամանների կամ ակնոցների վրա, քանի որ սա այն դեպքը չէ, երբ կարելի է անցնել պատշաճի սահմանները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս