ՄԻՊ-ը ներկայացրել է Հայաստանում 2014 թվականին մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցը

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր հրապարակել է 2015 թվականի զեկույցը, որը ներկայացնում է  2014 թվականին մարդու իրավունքների վիճակը Հայաստանում: Այն բաղկացած է 500 էջից: Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Կ. Անդրեասյանի խոսքով՝ ուսումնասիրելով պետական 25 մարմնի գործունեությունը, ամփոփելով առանձին իրավունքների պաշտպանության վերաբերյալ մեր բոլոր տեղեկությունները, հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին՝ մենք վեր ենք հանել համակարգային 167 խնդիր, որի պատճառով խախտվել են հազարավոր մարդկանց իրավունքներ: Կարեն  Անդրեասյանը զեկույցի նախաբանում գրել է. «Արձանագրել ենք նաև մի շարք դրական զարգացումներ: Այդ ամենը ներկայացված է 2014 թվականի վերաբերյալ մեր սույն զեկույցում: Բայց կա մի գերխնդիր, մի  կոպտագույն իրավախախտում, որը ոտնահարում է ՀՀ բոլոր քաղաքացիների արժանապատվության և սեփականության իրավունքը: Այդ գերխնդիրը Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության իրավական ու բարոյական ճանաչման մերժումն է: Ներկայում մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումը համաշխարհային և տարածաշրջանային առումով միլիոնավոր մարդկանց սպանության և ունեզրկման համար թուրքական իշխանությունների` արդեն 100 տարի տևող ուրացումն ու պատասխանատվությունից խուսափումն է:

Թուրքիայի կողմից սպանվել է մոտ 2,5 միլիոն հայ, որից գրեթե 1,5 միլիոնը՝ 1915
թվականին: Հայ բնակչությունը ֆիզիկական ու հոգեկան տանջանքների է ենթարկվել:
Միլիոնավոր հայեր հարկադրաբար տեղահանվել են և զրկվել նվազագույն
կենսապայմաններից՝ տանջամահ լինելով անապատային պայմաններում:
Մանկածնությունը խոչընդոտվել է հայ կանանց ու նրանց պտղի սպանությամբ:

Մեծ Եղեռնի հետևանքով միլիոնավոր հայեր զրկվել են ամեն տեսակ սեփականությունից՝ բնակություն հաստատելով ամբողջ աշխարհում: Մշակութային բազմաթիվ արժեքներ ոչնչացվել են. հուշարձանները քանդվել են, եկեղեցիներն ու վանքերն ավերվել են կամ վերածվել մզկիթների, ձեռագրերն ու գրականության նմուշները ոչնչացվել են: Փարիզի խաղաղության կոնֆերանսում հաստատվել է, որ միայն 1914-1918 թվականներին հայերին պատճառվել է ընդհանուր առմամբ մոտ 20 միլիարդ ֆրանկի վնաս:

Թուրքիայի այս ոճրագործության հետևանքները ներկայում ևս տարածվում են
Հայաստանում ապրող մարդկանց վրա. մասնավորապես, նրանցից շատերն ապրում են
ոչ իրենց նախնիների ծննդավայրում, զրկված են իրենց հասանելիք գույքային և
մշակութային ժառանգությունից: Թուրքիան պետք է հնարավոր ամեն կերպ
պատասխանատվություն կրի Հայոց Ցեղասպանությամբ պատճառած անվերականգնելի մարդկային, գույքային ու բարոյական վնասների, հայերի կյանքի, սեփականության, պատվի ու արժանապատվության իրավունքների ոտնահարման համար: Որպեսզի Թուրքիան կատարի Ցեղասպանության մասին կոնվենցիայի վավերացմամբ իր իսկ  3 միլիոնավոր հայերի ոտնահարված իրավունքները:
Այսպիսով, Թուրքիան հայերի նկատմամբ իրականացրել է «Ցեղասպանություն
հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի 2-րդ
հոդվածով նախատեսված բոլոր արարքները:

Կարևոր է նշել, որ չնայած Ցեղասպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1948 թվականին՝ այն տարածվում է նաև Հայոց Ցեղասպանության վրա, քանի որ դրանով զուտ ամրագրվել է ցեղասպանության իրավաբանական սահմանումը, և փաստաթղթում ուղղակիորեն ընդգծված է, որ միջազգային այս ծանրագույն հանցագործությունը պատմության բոլոր ժամանակաշրջաններում մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը: Թեև հայության, քաղաքակիրթ պետությունների, դրանց իշխանությունների և միջազգային ու տեղական տարբեր կառույցների կողմից ջանքեր են գործադրվում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև Թուրքիային պատասխանատվության կանչելու ուղղությամբ, սակայն Թուրքիան ոչ միայն հերքում է Հայոց Ցեղասպանությունը, այլև բացահայտորեն պետական մակարդակով հակահայ քարոզչություն է իրականացնում և ատելության սերմանում հայերի նկատմամբ:

Թուրքիայի այսպիսի քաղաքականությունը ոտնահարում է Հայոց Ցեղասպանությունից տուժած մարդկանց հեղինակությունն ու հիշատակը, վիրավորում ինչպես զոհերի, այնպես էլ այդ արհավիրքից փրկվածների ու նրանց ժառանգների պատիվն ու արժանապատվությունը: Մինչդեռ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ցեղասպանության հանցագործության հրապարակային հերքումները կամ արդարացման փորձերը պետք է օրենքով պատժելի լինեն»:

Տեսանյութեր

Լրահոս