Բաժիններ՝

Սևանի դպրոցում ուսուցչուհու հետ միջադեպի արդյունքում ձախ աչքի տեսողությունից զրկված երեխայի մայրը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին

2014թ. դեկտեմբերի 9-ին Սևանի դպրոցում ֆիզիկայի ուսուցչուհու հետ միջադեպի արդյունքում ձախ աչքի տեսողությունից զրկված 13-ամյա Մեսրոպ Խաչատրյանի մայրը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Դրանում մասնավորապես ասված է.

«Մեծարգո նախագահ.

Հայցում ենք Ձեր սրտացավ արձագանքը 13-ամյա որդուս՝ Մեսրոպ Կարենի Խաչատրյանի հանդեպ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, Գեղարքունիքի մարզի, Սևան քաղաքի ավագ դպրոցում ֆիզիկայի դասաժամին ուսուցչուհու կողմից կատարած շատ դաժան և արյունալի բռնարարքին, որի արդարացի և անկողմնակալ իրավական գնահատականի հեռանկարը մեր ընտանիքի համար, ցավոք, օր օրի դառնում է ավելի մշուշոտ և անհասանելի:

Այդ չարաբաստիկ օրը, ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը, 8ա դասարանի աշակերտների ներկայությամբ, ցուցաբերելով հայ մանկավարժին ոչ վայել արարք և կիրառելով «տեր թոդիկի» մեթոդ, առանց թույլտվության տեղից վերկենալու համար որդուս՝ Մեսրոպ Կարենի Խաչատրյանին պատժելու նպատակով, դասասենյակի գրատախտակի մոտից «կտամ կմտնես պատի մեջ» արտահտություն անելով արագ քայլերով գնացել է դասասենյակի հակառակ մասում տեղադրաված՝ հագուստների համար նախատեսված կախիչի մոտ, տեսնելով, որ որդիս գտնվում է այդ կախիչի ետնամասում և ցանկանում է հագնել վերնազգեստը, քանի որ մրսելուց է եղել, իր հեղինակությունը դասարանի առջև վերականգնելու և երեխայիս պատժելու մոլուցքով տարված ուսուցչուհին այդ երկաթյա կախիչը կոպտորեն հրել է տղայիս վրա և այդ կախիչի կեռիկով տեղից հանել է տղայիս ձախ աչքը՝ նրան զրկելով ձախ աչքի լրիվ տեսողությունից, որի հետևանքով որդուս մանկուց դարձրել է 2-րդ կարգի հաշմանդամ, պատճառելով նրան ծանր վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզի քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել որդուս՝ Մեսրոպ Կարենի Խաչատրյանին դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելու համար, սակայն անարդարացի և կողմնակալ քննության արդյունքում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի հատկանիշներով՝ անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու համար, որը չի հանդիսանում նրա կատարած անմարդկային արարքին համարժեք մեղադրանք: Հասմիկ Մարգարյանը դեպքից հետո հանգիստ շարունակել է իր պաշտոնավարումը, նախաքննության ընթացքում գնահատականներ է նշանակել աշակերտներին, իսկ քննություն կատարողներն այդ աշակերտներից պահանջել են արդարամտություն, առանց հաշվի առնելու նաև այդ դպրոցի տնօրենի գործունությունը, ով ծնողական ժողով անցկացնելով խոչընդոտել է քննությանը աշակերտներին և նրանց ծնողներին հասկացնելով, որ այդ երեխաները դեռ պետք է սովորեն այդ դպրոցում, որ դպրոցի հեղինակության հետ չխաղան: Հասմիկ Մարգարյանը քննություն կատարողների կողմից այնքան պաշտպանված է եղել, որ իր մեղքով տեսողությունից զրկված տղայիս նա տեսակցության է եկել դեպքից 1 շաբաթ անց՝ մինչ այդ չփորձելով նույնիսկ զուտ մարդկայնորեն սատարել մեր ընտանիքին:

Քննության ոչ արդարացի և ոչ օբյեկտիվ լինելու պատճառով ներկայումս Հասմիկ Մարգարյանը, փաստորեն, ոչ միայն չի զղջում իր կատարածի համար, ոչ միայն չի փորձել և փորձում աջակցել երեխայիս բուժման հարցերին, այլև ազատ շրջելով քաղաքում՝ ամենքին բացեիբաց հայտարարում է, թե ինքն «անմեղ է, ում հետ պետք է, լուծել է իր հարցերը…թեղ մտածողը մտածի» ու նման այլ էժանագին ու անհեթեթ բաներ: Նրա անամոթ պահվածքին անմիջապես իրենց դիպուկ, անկողմնակալ գնահատակնն են տվել Սևան քաղաքի բնակիչները, որոնց միանշանակ համոզմամբ՝ Հասմիկ Մարգարյանի ամբարտավան ինքնավստահությունը և նրան հասանելիք խիստ պատիժը մեղմելու քննչական մաչմինների փորձերը հիմնականում պայմանավորված են տարիներ առաջ նրա ամուսնու՝ Սևանի ոստիկանության բաժնում աշխատելու հանգամանքով: Իմ հոգում արդար պատժի սպասումը ամեն օր նվազում է նաև մեկ այլ պատճառով:

Մինչև քննության ավարտը, ինչ-ինչ պատճառներով, չի կասեցվել մեղսագործ ուսուցչուհու և նրա պատժի մեղմացման հարցում հավանաբար ի պաշտոնե շահագրգիռ դպրոցի տնօրեն Լիաննա Մկրտչյանի պաշտոնավորումը, ինչի շնորհիվ վերջիններս ամեն կեպ համագործակցված խոչընդոտել են քրեական գործի արդար և օբյեկտիվ քննությանը, հոգեբանական և այլ կարգի ճնշումներ գործադրել դեպքին ականատես տղայիս համադասարանցիների վրա, նրանց ստիպել լռել կամ փոխել նախնական ցուցմունքները:

Այսպիսով, արդար պատժից խուսափելու համար, նրանք անգամ պատրաստ են խեղաթյուրել մեր Հայրենիքի ապագան հանդիսացող հայ երեխաների պատկերացումները արդարության և ընկերասիրության մասին: Ցավալի է խոստովանել, որ այսօր, երբ մեր երկիրը կանգնած է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության և ներքին ու արտաքին այլ մարտահրավերների առջև, հայի համար «երկրորդ հարազատ տուն» համարվող Հայոց դպրոցում կորցնում ենք մեր ապագա զինվորին, պաշտպանին, ու զավակս, որ տարիներ անց պետք է դառնար մարտունակ զինվոր, համալրեր Հայոց բանակի շարքերը, այլևս իր կամքից անկախ դատապարտված է ոչ արժանավայել ճակատագիր:

Մեծարգո պարոն Նախագահ,

Որպես ՀՀ քաղաքացի, ի վերջո որպես ավանդապահ ընտանիքի կին և մայր, խնդրում եմ՝ որպես ՀՀ Սահմանադրության և օրինականության երաշխավոր, սատարեք մեզ այս դժվարին պահին Ձեր օրինակելի անկողմնակալությամբ բացառեք կողմնապահության հնարավոր դրսևորումները ընթացող նախաքննության և սպասվող դատաքննության գործընթացներում: Ամեն անգամ տեսնելով կամ լսելով երեխայիս հաշմանդամ դարձրած ուսուցչուհու անամոթ, հայ մտավորականին անվայել կեցվածքն ու արտահայտությունները՝ սրտի խորագույն ցավ ենք ապրում ես և մեր ողջ ընտանիքը: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում մեր ողջ ընտանիքի և Սևան քաղաքի բոլոր սրտացավ քաղաքացիների անունից:

Մենք լիահույս ենք, որ իմ բալիկի հանդեպ կատարված անմարդկային մեղսագործությունը Ձեր բարձրագույն վերահսկողության շնորհիվ անպայման շուտով կարժանանա իրավական ճշմարտացի ագնահատականի ՝ ՀՀ օրենքների տառին և ոգուն համապատասխան:

Հարգանքներով՝ Էլմիրա Գևորգյան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս