Եմենի շիա ապստամբները սպառնացել են ավիահարվածները շարունակելու դեպքում հարձակվել Սաուդյան Արաբիայի վրա
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Եմենի շիա ապստամբները կհարձակվեն Սաուդյան Արաբիայի վրա, եթե չդադարեն Եմենի ռմբակոծությունները: Այս մասին հայտարարել է ապստամբական շարժման քաղխորհրդի անդամ Դոյֆուլլա Շամին.
«Մենք ունենք ուժ` պատասխան հարվածի համար, սակայն որոշումը կընդունվի, երբ կսպառվեն մյուս տարբերակները: Մենք նախընտրում ենք զոհվել մարտադաշտում և ոչ թե ռումբերի տակ:
Ժողովրդական կոմիտեներն ու եմենյան բանակը ներկայումս ներկա են և առաջ են շարժվում եմենյան բոլոր նահանգներում` իրականացնելով Սաուդյան Արաբիայի վարձուների մաքրում»:
Նրա խոսքերով` ապստամբները հաջողությամբ երկիրն ազատագրում են նախկին նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Խադիի հանդեպ բարյացակամ տրամադրված զորքերից:
Շամիի խոսքերով` սաուդցիները մոտ 3 միլիարդ դոլար են հատկացրել Խադիի կողմնակիցներին, ինչը տեղի է ունեցել արդեն մեկ շաբաթ շարունակվող օդային կամպանիայից քիչ առաջ: Նա ընդգծել է, որ այդ միջոցներով նախատեսվում է Եմենի ներսում դիմադրության ներքին ճակատ ձևավորել իրենց դեմ: