«Բոլոր այն ուժերը, որոնք սպասարկում են սահմանադրական փոփոխության գործընթացին, աջակցում են իշխող կլանին»

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.

««Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունն  ապրիլի 2-ի քաղաքակական խորհրդի նիստի օրակարգում ունենալով վարչախմբի կողմից այսպես կոչված հանրային քննարկման առարկա դարձնելու Սահմանադրական փոփոխության հարցը` հայտարարում է.

Վերջին 20 տարում Հայաստանում ձևավորվեց ու ամրապնդվեց քրեա-օլիգարխիկ համակարգը, ինչին որևէ ձևով  չի նպաստել  և չի խանգարել 1995թ. ընդունված և 2005թ. Ռ.Քոչարյանի կողմից ուրվականների հանրաքվեով փոփոխված Սահմանադրությունը:

Գործող Սահմանադրությունը չէր կարող խոչընդոտել երեք նախագահներին` երկրում իրագործելու օրենքի գերակայությունը, որ երկրում  բարոյահոգեբանական մթնոլորտը պահպանվեր այնպես,  ինչպես 1991-1994թթ.-ին, ինչը նպաստեց ոչ միայն ինքնիշխան պետականության հիմքերը դնել, այլև ազատագրել Արցախը:

Քսան տարում իրականացված քաղաքականության արդյունքում ունենք սոցիալապես աղքատ, հուսալքված, իր հայրենիքում տնվորի կարգավիճակում գոյատևող իրավազուրկ ժողովուրդ:

1996-ից Հայաստանում խորանում է արդարության ու արդարադատության դեֆիցիտը:

Շարունակական  արտագաղթն արդեն վտանգում է մեր պետականության անվտանգությունը:

1995-ից սկսած յուրաքանչյուր իրար հաջորդող համապետական ընտրությունները հասարակության մեջ ձևավորեցին անվստահություն ընտրությունների նկատմամբ, իսկ արդեն 1998-ից արվեց ամեն ինչ ընտրական համակարգը ոչնչացնելու համար, ինչն իր վերջնական հանգուցալուծումը ստացավ 2008թ. նախագահական ընտրություններում, երբ իշխող զույգին աջակցող Հանրապետական, ԲՀԿ, Դաշնակցություն, Օրինաց երկիր և էլի մի քանի լուսանցքային կուսակցությունների աջակցությամբ իրագործվեց մարտի 1-ի ոճրագործությունը:

Այսօր այդ նույն ուժերը շարունակում են սպասարկել վարչախմբին, ինչը լրացուցիչ անգամ ցույց տվեց վերջերս սահմանադրական փոփոխության առիթով Բաղրամյան 26-հանդիպումները, ցավոք այդ ցուցակը համալրվեց երբեմնի մեր գործընկերներով:

Բոլոր այն ուժերը, որոնք սպասարկում են սահմանադրական փոփոխության գործընթացին, աջակցում են իշխող կլանին և հանդես են գալիս ընդդեմ Հայաստանի Հանրապետության շահերի:

Իսկ այն ուժերը, որոնք հայտարարում են սահմանադրության հանրաքվեն վերածել Ս.Սարգսյանի վստահության հանրաքվեի, կարծում ենք` վտանգավոր է, որովհետև հավանականությունը մեծ է ևս մեկ անգամ հիասթափեցնել հասարակությանը  և ամրագրել վարչախմբի լեգիտիմությունը:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը  գտնում է, որ վարչախումբը հրապարակ նետելով սահմանադրական փոփոխությունը` նպատակը, ոչ միայն իշխանության վերարտադրությունն է, այլև` հիմնականում խնդիր ունի քաղաքական օրակարգից դուրս մղել վարչախմբի նկատմամբ հասարակության մեջ ահագնացող չափի հասնող անհանդուրժողականության հետևանքներով  հնարավոր զարգացումները, ինչպես նաև փորձել  քողարկել իշխանության ոչ լեգիտիմությունը:

ԺՀԿ-ն ժամանակավրեպ համարելով սահմանադրական փոփոխությունը, գտնում է, որ սխալ է ներքաշվել ակտիվ քննարկումների մեջ, առավել ևս, բովանդակային մասով,  պետք է անել հնարավորինս` հանրությանը հասցնելու վարչախմբի իրական նպատակները սահմանադրական փոփոխության հետ կապված»:

Տեսանյութեր

Լրահոս