
Հարյուրավոր իրանցիներ Թեհրանի փողոցներում նշել են «միջուկային» բանակցությունների հաջողությունը

France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` հարյուրավոր իրանցիներ գիշերը դուրս են եկել Թեհրանի փողոցներ, որպեսզի նշեն երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում գրանցված բեկումը:
Իրանի մայրաքաղաքի ամենաերկար փողոց Վալի-Ասրը հեղեղվել է ավտոմեքենաների շարասյունով, որոնց վարորդներն ազդանշանել են` ողջունելով շրջանակային համաձայնագրի ստորագրումը, որի վերջնական տարբերակը պետք է նախապատրաստվի մինչև հունիսի 30-ը:
Տեղաբնակները սոցցանցերում հրապարակել են Թեհրանի փողոցների լուսանկարներն ու ձայնագրությունները, որոնցում երևում է, որ մարդիկ երկրի նախագահ Հասան Ռոուհանիի դիմանկարներով դուրս են եկել փողոցներ:
Սոցցանցերում հայտնվել են նաև միջուկային բանակցությունների արդյունքներով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի հեռարձակման ֆոնին բավական գոհ իրանցիների բազմաթիվ լուսանկարներ: Լոզանում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններն անցկացվում էին նախորդ շաբաթվանից: