«Սա կառավարության պարտքը չէ». վարչապետը՝ նաիրիտցիների աշխատավարձերի մասին
Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում նաիրիտցիները՝ պահանջելով աշխատավարձերի պարտքի մարում: Նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ անդրադարձավ իրենց հասնող աղմուկին, իսկ նիստի ավարտին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հանձնարարեց տեղեկատվություն տալ «Նաիրիտի» վերաբերյալ, որովհետև բողոքող քաղաքացիները ցանկանում են հանդիպել իր հետ: Հ.Աբրահամյանը նկատեց, որ կառավարությունն իր խոստումները կատարել է:
«Հիմա ես չեմ հասկանում: Մենք պայմանավորվածություն ունեցանք, վերջին հանդիպման ժամանակ մեր պայմանավորվածությունը եղել է, որ մինչև տարվա վերջ պետք է վճարենք աշխատավարձերն ամենամսյա, և մեկ անգամ ևս իրենց խնդրանքով լրացուցիչ վճարել ենք փետրվարին: Եվ եղել է պայմանավորվածություն, որ այլևս մեզ չդիմեն, գնան, բաժնետերեր ունեն, խորհուրդ ունեն, խորհրդով որոշեն: Սա կառավարության պարտքը չէ: Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան, բոլորը տեղյակ լինեն այս խնդիրներից: Իրենց վատ ու անփույթ աշխատանքի արդյունքում՝ պետության, կառավարության վրա նոր բեռ են ցանկանում ավելացնել, որն այս ծանր տնտեսական պայմաններում մեզ համար ընդունելի չի»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Ե.Զախարյանը հայտարարեց, որ նախկին աշխատակիցների հիմնական պահանջը վերջին տարիներին կուտակված աշխատավարձի պարտքի վճարումն է: Զախարյանը խոսեց կրճատումների, աշխատավարձի պարտքը վճարելու համար գույքի վաճառքի մասին ու հայտարարեց, թե անվտանգության համար գործարանում մնացած աշխատակիցներին աշխատանքի դիմաց վճարումները կատարվում են. «Մնացածների մասով, այն, ինչ կառավարության կողմից և հանրապետության նախագահի հանձնարարությամբ եղել է, այդ բոլոր կատարվել է»:
Ըստ նախարարի՝ ՀԲ-ի կողմից իրականացվող տեխնիկական աուդիտի եզրակացությունը 2 օրից պատրաստ կլինի և կներկայացվի կառավարությանն ու վարչապետին, ինչից հետո միայն պարզ կլինի գործարանի հետագա ճակատագիրը՝ տեխնիկապես արդյունավե՞տ է գործարանը վերագործարկել, թե՞ ոչ:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ «Նաիրիտի» բաժնետոմսերի հետ կապված՝ դիմել են Միջպետական բանկին՝ բարի կամք դրսևորելու, պարտքը զիջելու և գրավադրված գույքն ու բաժնետոմսերը վերադարձնելու խնդրանքով. «Իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործարանի կողմից վարկերը մարելու կարողությունը հավասար է զրոյի: Նաև դիմել ենք մեր Ռուսաստանի գործընկերներին՝ խնդրանքով, որ իրենք էլ իրենց հերթին՝ աջակցեն այդ գործընթացն արագորեն ավարտելու համար: Մեր գործընկերները խոսք են տվել, որ հնարավորության պարագայում, մոտակա ամիսների ընթացքում այդ գույքն ամբողջությամբ փոխանցեն ՀՀ կառավարությանը, քանի որ արդեն իսկ այդ փաստը հաստատվել է, որ անհնարին է գործարանի կողմից այդ վարկերը մարել»:
Նիստից հետո նաիրիտցիների մի խումբ հրավիրվեց վարչապետի մոտ՝ հանդիպման:
Հանդիպման արդյունքների մասին՝ ավելի ուշ: