Բաժիններ՝

«Ձևական դատարան է, համոզված եմ, որ մեղադրական դատավճիռ է կայացվելու». փաստաբանը՝ «Արաբկիր» բ/կ-ում մահացած երեխայի գործի մասին

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մինչև ապրիլի 9-ը հետաձգվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործի քննությունը: Վատառողջ լինելու պատճառով դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, ով դատարանին խնդրել էր հետաձգել նիստը:

Դատական նիստի ավարտից հետո ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ անընդհատ խոսվում է բժշկական սխալի մասին, նրանց անփութության հետևանքով մահերի մասին, և տպավորություն է ստեղծվում, թե բժիշկներն ամենավատ մարդիկ են: Սակայն դրանից զերծ մնալու համար պետք է  նաև դատական սխալներ, ակնհայտ ապօրինի դատավճիռներ չլինեն: «Յուրաքանչյուր ապօրին դատավճիռ կամ որոշում ծնում է այլ հանցագործության»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այս գործով մեղադրանքն ակնհայտ ապօրինի է: Փաստաբանը նշեց, որ շատ վատ դեպք է տեղի ունեցել, սակայն իր պաշտպանյալը շարժվել է առողջապահության նախարարի հրամաններով, ճիշտ ախոտորոշել է: «Մահվան հետևանքը ոչ թե իր գործողություններն են, այլ գոյություն ունեն այլ հանգամանքներ »,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դիահերձումը, կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունը թերություններ ունեն:

Բացի դա, փաստաբանի կարծիքով, դատարանը կողմնակալ քննություն է կատարում. Գիվի Հովհաննիսյանի խոսքով՝ դատարանը մերժել է փորձագիտական հանձնաժողովին դատարան հիրավիրելու մասին իր միջնորդությունը, սակայն բավարարել տուժող կողմի միջնորդությունը՝ դատարան հրավիրել և հարցաքննել ֆեյսբուք սոցիալական ցանցում Լիա Միսակյանի հորեղբոր հետ խոսակցության մեջ մտած անձին: «Ձևական դատարան է, ակնհայտ համոզված եմ, որ մեղադրական դատավճիռ է կայացվելու»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ միջնորդություններ են ներկայացնելու դատարան:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս