Բաժիններ՝

Եթե ընտանիքում նոր ննջեցյալ կա` արդյոք Ս. Զատիկին հավկիթ ներկո՞ւմ են

Ավագ շաբաթվա ընթացքին վերաբերող հարցերին պատասխանում է Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

– Պե՞տք է արդյոք Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների թվով հավկիթ ներկել և ճաշակել:

– Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ Հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես այն, ապա չեղյալ կհամարվի Մեծ Պահքը պահելու քո ամբողջ ջանքը:

– Եթե ընտանիքում նոր ննջեցյալ կա, Ս. Զատիկին հավկիթ ներկո՞ւմ են:

Կարդացեք նաև

– Նախ, «հին կամ նոր ննջեցյալ» հասկացողություն գոյություն չունի: Բոլոր ննջեցյալները Աստծո հովանու ներքո են անկախ այն բանից, թե երբ են մահացել:
Անկախ ամեն ինչից՝ Ս. Հարության տոնին հավկիթ են ներկում:
Հավկիթը համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է Խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար:

– Քրիստոսի Ս. Հարության՝ Զատկի տոնը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասուներորդ օրը:

– Նման բան չկա: Հանգուցյալի մահվան օրվանից հաշվեք քառասուն օր և այդ օրը կատարեք ննջեցյալի մահվան քառասուներորդ օրը:

– Եթե ննջեցյալի քառասուներորդ օրը համընկնում է Ս. Հարության տոնին, ինչպե՞ս վարվել:

– Ս. Հարության տոնի հաջորդ օրը Մեռելոց է, որը կարող է դառնալ և քառասուներորդ օրվա արարողություն և ննջեցյալների հիշատակ:

– Ս. Հարության՝ Զատիկի տոնն ինչպե՞ս պետք է նշել հայկական ընտանիքներում:

– Այն պետք է նշել նախ եկեղեցում՝ մասնակցելով Ս. Պատարագին, հաղորդվելով Քրիստոսի փրկարար Մարմնին և Արյանը:

Զատկական օրերին հարկ է հրավիրել քահանային` կատարելու տնօրհնեք: Զատկին հավկիթ են ներկում, պատրաստում են համեմատաբար թեթև ուտեստներ` հաշվի առնելով անցած պահքի տևական լինելը:

Ս. Հարության տոնը քրիստոնյաների համար մեծագույն տոներից է: Հարկ է նվերներ պատրաստել բարեկամներին, հարազատներին, այցելել և շնորհավորել «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով:

Ս. Հարության տոնը նաև Հարություն անունը կրողների և Հարությունյան գերդաստանների անվանակոչության օրն է:

– Ինչպե՞ս դուրս գալ պահքից և ծոմից:

– Առողջությանը չվնասելու համար պահքից և ծոմից դուրս պետք է գալ նուրբ՝ թեթև կերակուրներով՝ խաշիլներ՝ կանաչեղեն, ձուկ, զատկական փլավ, կաթնամթերք և այլն: Թեև հավկիթը համարվում է ծանր կերակուր, սակայն զատկական հավկիթը՝ իր վրա կրելով հոգևոր աստվածային շնորհ, դուրս է այդ խնդրից:
Հիշենք, որ զատկական օրերին սկսվում է տնօրհնեքի շրջանը:

 

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս