
Ուկրաինան հայտնել է, թե ինչ գնով գազ կգնի Ռուսաստանից

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ուկրաինայի Նավթոգազը» Ռուսաստանից գազ կգնի, եթե «Գազպրոմը» հաստատի 1000 խորանարդ մետրի համար 250 դոլար գինը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինը:
Նա ընդգծել է, որ Ուկրաինան հուսով է, որ ԵՄ-ի մասնակցությամբ եռակողմ հանդիպման ժամանակ կստորագրվի գազային հուշագիր, որը հնարավորություն կտա ձմեռային գազային փաթեթի գործունեության ժամկետը երկարաձգել մինչև 2016 թվականի ջեռուցման սեզոնի ավարտը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հանձնարարել է Կիևի համար ռուսական գազի գնման արտոնյալ ռեժիմը երկարաձգել ևս երեք ամսով՝ պայմանով, որ Ուկրաինան կպահպանի պայմանագրի բոլոր դրույթները: Մեդվեդևն ընդգծել է, որ խոսքը գնում է մոտակա երեք ամիսների մասին՝ մինչև հուլիսի 1-ը: