««Հիմնադիր խորհրդարանի» հետ կապված որևէ հարց «Ժառանգությունում» չի քննարկվել». Արմեն Մարտիրոսյան

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը իր շուրջօրյա հանրահաքները սկսելու է ապրիլի 24-ից: Թեև շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ կոնկրետ ապրիլի 24-ին որևէ «խժդժություններ» չեն անելու և իրականացնելու են խաղաղ հավաք, շարժումը քննադատողների հիմնական թիրախը հենց այդ օրվա ընտրությունն է:

168.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են իրենք վերաբերվում «Հիմնադիր խորհրդարանի» այդ նախաձեռնությանը, և ինչքանո՞վ է հավանական, որ իրենք էլ կմիանան շարժմանը:

Ի պատասխան մեր հարցին՝ Ա. Մարտիրոսյանն ասաց, որ ինքը շատ նորմալ է վերաբերվում «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, ինչպես մնացած բոլոր քաղաքական ուժերին՝ անկախ նրանից՝ իշխանությո՞ւն են, թե՞ ընդդիմություն:

Խոսելով օրվա ընտրության մասին՝ Ա. Մարտիրոսյանը նկատեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն արդեն բացատրել են, թե ինչու են ցանկանում այդ օրն իրականացնել, «քանի որ քաղաքացիների մեծ զանգվածներ ինքաբուխ եկած կլինեն այդ օրը». «Ճի՞շտ է, թե՞ սխալ է, կարծում եմ՝ այլևս մեծ նշանակություն չունի, որովհետև իրենց որոշումն է, իրենք պետք է անեն, համենայն դեպս, մենք որևէ նմանատիպ միջոցառման ժամանակ ակցիաներ չենք իրականացրել:

Նույն հեղափոխության համար, եթե իսկապես դրա անհրաժեշտությունը կա, եթե իսկապես մեր քաղաքացիները տվյալ քաղաքական ուժին, ուժերին, առաջնորդին, առաջնորդներին վստահում են, իրենք որոշակի մասնակցություն ունենում են, հատկապես, եթե ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսը լինում է»:

Ա. Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է ինքը հավանական համարում այդ շարժման հաջողության հասնելը: Նա նշեց, որ ինքն իրեն դասում է այն գործիչների շարքին, ով ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին (անկախ իրենց գործունեությունը ըnդունելուց կամ չընդունելուց) փորձում է չքննադատել:

Հարցին՝ «Ժառանգությունում» չի՞ քննարկվել այդ շարժմանը միանալու հարցը, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ «որևէ հարց «Հիմնադիր խորհրդարանի» հետ կապված իրենք չեն քննարկել»:

Տեսանյութեր

Լրահոս