«Սերժ Սարգսյանի, Ռուստամյանի, Թևանների և մյուսների հետ միասին լինելու ոչ թե ցանկություն չունենք, այլև դա մահացու է մեզ համար». Վարուժան Ավետիսյան
«Չի տեսնում՝ չի տեսնում, մենք էլ իրեն չենք տեսնում»,- 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի այն հայտարարությունը, թե ինքը Հիմնադիր խորհրդարանի գործունեությունում քաղաքական օրակարգ չի տեսնում՝ նման տեսակետ հայտնեց Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը:
Ըստ նրա՝ «պրիմիտիվ» արտահայտություն է՝ ասել, թե «քաղաքական օրակարգ չի տեսնում». «Մենք համակարգափոխության օրակարգ ենք առաջարկում մեր ազգում, ինքն ասում է՝ չի տեսնում: Բա ի՞նչն է օրակարգ՝ պալատական խաղեր տա՞լը: Եթե պալատական խաղեր տալն է քաղաքական օրակարգ, խնդրեմ, իրենց համար երևի Սերժ Սարգսյանը պետք է ասի, թե որն է քաղաքական օրակարգ, որը՝ ոչ: Ամենայն հավանականությամբ, իրենք դրանով են առանձնացվում»:
Նշենք, որ Թ. Պողոսյանը խոսելով Հիմնադիր խորհրդարանի ապրիլի 24-ից մեկնարկող շուրջօրյա հանրահավաքների մասին՝ նաև ասել էր, թե «անիմաստ է ամեն օր կոչով հանդես գալը, երբ կոչը չունի մեծ արձագանք»: Պատգամավորի այս դիտարկման հետ կապված՝ Վ. Ավետիսյանն ասաց, թե՝ «ո՞վ է չափել, որ ասի՝ ունի՞արձագանք կոչը, թե՞ չունի»:
«Իրենք առհասարակ պալատից դո՞ւրս են գալիս, որ իմանան՝ ժողովուրդն ինչո՞վ է ապրում, ինչո՞վ է շնչում: Կուլիսների հետևում բոլորն ինտրիգներով ու քաղաքական առևտրով են զբաղված, բոլոր քաղաքական կուսակցությունները: Եվ ի՞նչ, քաղաքականությո՞ւն է դա: Առհասարակ, մենք այն համոզմունքին ենք, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունների ղեկավարները՝ չնչին բացառություններով, քաղաքական գործակալների թիմի անդամներ են, նույն ակումբի անդամներ են, և իրենք շահագրգռված են, որ այս համակարգը մնա, իրենք զբաղված են հակահայ և հակապետական, հակազգային գործունեությամբ, իրենց վերջը շուտով գալու է»,- հայտարարեց մեր զրուցակիցը:
Այսօր ԱԺ-ում Հիմնադիր խորհրդարանի գործունեությանն էր անդրադարձել նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ասելով. «Մենք միշտ հայտարարել ենք, որ դեմ ենք ապրիլի 24-ը կապել քաղաքացիական պայքարի հետ: Սա մեր չուզողների խնդիրն է, ուզում են ապրիլի 24-ի միջոցառումների այս ամբողջ շարքը հարամեն: Բացարձակապես անհասկանալի են մոտիվները: Պետք է ցույց տալ, որ հարյուր տարի անց էլ հայությունը կանգնած է մի մարդու նման: Չի կարելի պառակտել մի բան, որ սրբության սրբոց է: Մենք ամոթով կմնանք ամբողջ աշխարհի առաջ, եթե նման բան թույլ տանք»:
Արմեն Ռուստամյանի այս հայտարարության առնչությամբ էլ Վ. Ավետիսյանն ասաց, թե իրենք «Սերժ Սարգսյանի, Ռուստամյանի, Թևանների և մյուսների հետ միասին լինելու ոչ թե ցանկություն չունեն, այլև դա մահացու է իրենց համար».
«Այդ գործակալական ակումբի հետ հայ ժողովուրդը ոչինչ ընդհանուր չունի, և, այո՛, մեր ժողովուրդը պետք է ամեն ինչ անի, որ իրենց հետ չլինի, իրենց կողքին կանգնել, նշանակում է՝ լեգիտիմացնել Ցեղասպանությունը, իրենք հիմա զբաղված են սպիտակ ցեղասպանությամբ, շարունակում են ցեղասպանությունը, մեր ժողովրդի չուզողները իրենք են: Պետք է պարզել, թե «մեր չուզող» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի, եթե քաղաքական գործակալների ակումբին՝ ուրիշ հարց է»,- նշեց Վ. Ավետիսյանը: