«Ամեն օր կոչով հանդես գալը, երբ այն չունի մեծ արձագանք՝ իմաստ չունի». Թևան Պողոսյանը՝ Ժիրայր Սէֆիլյանի մասին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը «Հիմնադիր խորհրդարանի» գործունեությունում քաղաքական օրակարգ չի տեսնում: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ Թ.Պողոսյանը հայտարարեց, որ այն, ինչ այսօր անում են ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», Նիկոլ Փաշինյանը, լի է քաղաքական օրակարգով, վերլուծական միտք ունեն, բոլոր գործողությունները բացատրվում են, բայց ցանկացած միավոր, որն ուղղակի գործողություններ է առաջարկում, որոնք անհասկանալի են, հանրային քննարկումների կարիք ունի:
Ըստ նրա՝ ամեն օր կոչով հանդես գալը, երբ կոչը չունի մեծ արձագանք՝ իմաստ չունի: Թ.Պողոսյանի կարծիքով՝ կարելի է նստել ու քննարկել, բայց առնվազն քննարկման համար կա 2 նախապայման. առաջինը՝ մինչև ապրիլի 24-ը կամ հենց այդ օրը չի կարելի որևէ բան նախաձեռնել, քանի որ այդ օրը հատուկ օր է բոլորի համար և պետք է առաջնորդվել օրվա խորհրդով: Երկրորդ նախապայմանը, ինչպես նշեց Թ.Պողոսյանը, այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբևէ չպետք է ներգրավված լինի ներհայաստանյան հարցերի քննարկմանը:
«Եթե այդ 2 նախապայմանները կատարվեն, ցանկացած գործողություն կարելի է քննարկել, բայց դրա մեջ պետք է լինի միտք և քաղաքական օրակարգ, որն այսօր ես չեմ տեսնում»,- ասաց պատգամավորը: