Բաժիններ՝

«Առանց «Միհրանի դաբրոյի» ոչ ոք չի կարող ՀՀ բանան ներկրել, առանց Սերժ Սարգսյանի «դաբրոյի» ոչ ոք չի կարող շաքար ներկրել». Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2015թ. մարտի 2-ին Սերժ Սարգսյանը ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում վերնշանակեց Արտակ Շաբոյանին և այդ օրվա դրությամբ շաքարը ՀՀ-ում արժե 395 դրամ էր, Թբիլիսիում՝ 280 դրամին համարժեք լարի: Ն. Փաշինյանը նշեց, որ ՀՀ շաքար ներկրում է մեկ անձ՝ ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե այս փաստը ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի՝ Չեխայի մայրաքաղաքում հայտարարության հետ, երբ մի սփյուռքահայի հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ-ում մեկ անձ շաքար ներկրում, Ս.Սարգսյանը պատասխանեց՝ «բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում 10 հոգով շաքար ներկրե՞ն»:

Ն.Փաշինյանը նաև նշեց, որ Ավստրիայում բանանը 500 դրամի չափ է, ՀՀ-ում՝ 1300 դրամ, և ի՞նչ կապ ունի, որ ՀՀ-ում կա բանանի ներկրման մենաշնորհ և այդ մենաշնորհատերը ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանն է և առանց «Միհրանի դաբրոյի» ոչ ոք չի կարող ՀՀ բանան ներկրել, առանց Սերժ Սարգսյանի «դաբրոյի» ոչ ոք չի կարող շաքար ներկրել:

«Նախ և առաջ Ձեր հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում,- հակադարձեց Ա.Շաբոյանն ու շարունակեց,- Բանանի ներկրման ոլորտում խնդիրը գտնվում է ՏՄՊՊՀ տեսադաշտում: Խնդիրը ամբողջութամբ գտնվում է տնտեսագիտության ոլորտում: Մեր կառույցի համար բացարձակ նշանակություն չունի տնտեսվարողների սեփականատերերի կարգավիճակը և ես չգիտեմ, թե որ տնտեսվարողի սեփականատերն ով է հանդիսանում: Մենք գնահատում ենք տնտեսվարողների գործունեությունը: Շաքարի դեպքում եթե նկատի ունեք «Ալեքս Գրիգը», այն հումքն է ներմուծում և արտադրում է, գործարանում մեծ ներդրում է կատարել և առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը ու տարվա մի մասը չի աշխատում: Եթե մրցակցություն լինի, պետք է երկրորդ գործարանը կառուցվի, բայց դա անիմաստ է տնտեսագիտորեն: Այս պարագայում, բնականաբար, նպատակահարմար չէ երկրորդ տնտեսվարողի առկայությունը: Մեր խնդիրն է պայքարել մուտքի խոչընդոտների դեմ: Նման խոչընդոտներ չկան»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով բանանի ներկրման խնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Շաբոյնաը կրկին նշեց, որ ոլորտը իրենց ուսումնասիրության ներքո է գտնվում, մի անգամ ներկրող խոշոր ընկերությանը՝ «Քեթրին Գրուպին», պատասխանատության են ենթարկել գնագոյացման խնդրի հետ կապված: Ըստ նրա, բնականաբար, եթե նորից լինեն չարաշահումներ, ուսումնասիրություն կանեն:

Ն.Փաշինյանը չհամաձայնեց Շաբոյանի հետ ու հայտարարեց, որ եթե նա հետևեր այս ամբիոնից իր ասածին, կիմանար, որն է անհեթեթ ու անիմաստ. «Ձեզ նշանակողներն են անիմաստ ու անհեթեթ»:

Ա.Շաբոյանը կոչ արեց պահպանել էթիկայի կանոնները: Ըստ նրա՝ պատգամավորը թվեր է հրապարակում, որ իրականությանը չեն համապատասխանում: Նա նշեց, որ «Երևան սիթիում» շաքարը 369 դրամ է, իսկ մյուս երկրների հետ մեթոդաբանորեն ճիշտ չէ համեմատել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս