Բաժիններ՝

Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 1.6% տնտեսական աճ է կանխատեսում

Նման կանխատեսում է արել Ասիական զարգացման բանկը՝ «Ասիական զարգացման հեռանկարներ 2015» զեկույցում։

Ըստ զեկույցի, տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով տնտեսական հեռանկարները խիստ անորոշ են մնում։ Ռուսաստանի Դաշնության տնտեսական վիճակի վատթարացումը՝ պայմանավորված հիմնականում պատժամիջոցներով և նավթի ցածր գներով, կշարունակի ճնշում գործադրել Հայաստանի տնտեսության վրա։

Տնտեսական աճը կշարունակի դանդաղել՝ 2015 թվականին կազմելով 1.6%։ 2016 թվականին աճի տեմպը կարագանա մինչև 2.3%։ Համեմատության համար նշենք, որ ԱԶԲ-ն 2015 թվականին Վրաստանի համար կանխատեսել է 2.0% աճ, Ադրբեջանի համար` 2015թ.՝ 3% աճ:

Առաջարկի տեսանկյունից, ըստ ԱԶԲ փորձագետների, աճի հիմնական աղբյուր կհանդիսանան գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտները։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է պահանջարկին, ապա մասնավոր սպառումն ու պետական ծախսերը կարող են նպաստել աճին, սակայն ոչ մեծ չափով։ Հարկաբյուջետային քաղաքականությունը կշարունակի կոշտ մնալ՝ հաշվի առնելով արտաքին պարտքի հետ կապված ռիսկերը՝ արտաքին ցնցումների նկատմամբ։ Այդուհանդերձ, ԱԶԲ-ն հարկային լրացուցիչ մուտքեր է կանխատեսում Հայաստանի համար՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ընդհանուր մաքսատուրքերի մեջ Հայաստանի 1.13% տեսակարար կշիռը։

Չնայած տնտեսական աճի ցածր տեմպին՝ ԱԶԲ-ն կանխատեսում է գնաճի ցուցանիշի աճ՝ մինչև 4.6% (2015 թվականին), իսկ հաջորդ տարի կիջնի մինչև 4.1%-ի։ 2015 թվականին գնաճային ճնշումները կուժեղանան՝ հաշվի առնելով, որ ռուբլու արժեզրկումը թուլացնում է նաև հայկական դրամը, ինչպես նաև այն, որ տարիֆները պետք է ներդաշնակեցվեն ԵՏՄ մաքսային ռեժիմին։

Կարճաժամկետ հեռանկարում դրամավարկային քաղաքականությունը, ըստ ԱԶԲ-ի, կշարունակի կոշտ մնալ՝ այս ճնշումներին դիմակայելու համար, այնուհետև միջնաժամկետ հեռանկարում կվերադառնա իր բնականոն հունին։

Ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2015 թվականին կընդլայնվի՝ հասնելով 9.2%-ի։ 2016 թվականին ցուցանիշը կնվազի մինչև 8.3%։ Այս գնահատականը պայմանավորված է այն ռիսկերով, որ սպառնում են Հայաստանին՝ ՌԴ-ից կախվածության պատճառով։ ԱԶԲ-ն հիշեցնում է, որ Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի ներմուծման և արտահանման մեկ քառորդը, դրամական փոխանցումների 80%-ը և օտարերկրյա ուղղակի ներդրումների կեսը։

Ասիական զարգացման բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանը կարող է հաջողության հասնել՝ զարգացնելով արդյունաբերությունը՝ արտահանման խթանման, ներկրված գազի, նավթային հումքի և ադամանդների՝ մաքսատուրքերից ազատման և ԵՏՄ շրջանակում ոչ սակագնային արգելքների վերացման հաշվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս