«Մինչև Ռիգայի գագաթաժողովը ՀՀ իշխանությունը պարզապես ժամանակ կձգի». Արմեն Գրիգորյան

Հարցազրույց հեղինակավոր «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ

– Պարոն Գրիգորյան, նախորդ շաբաթ Երևանում անցկացվեց «Եվրանեսթի» 4-րդ լիագումար նիստը, որի ընթացքում որոշ եվրոպական պաշտոնյաներ բավականին համարձակ դիտարկումներով հանդես եկան Ռուսաստան-Հայաստան դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ, ինչը, հաշվի առնելով վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ ԱԺ-ում ռուս պաշտոնյաների, կրեմլյան խոսնակների ձևավորած ավանդույթը, բավականին հատկանշական էր։ Ուշագրավ է նաև այն, որ նիստը կայանում է մի երկրում, որը լինելով ԱլԳ անդամ` ներկայացնում է Եվրասիական տնտեսական միությունը։ Ինչո՞վ էր նշանակալի այս նիստը Հայաստանի համար, և ի՞նչ է սա նշանակում ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից։

– Հավանաբար, նախևառաջ` Քշիշտոֆ Բոբինսկու ասածը նկատի ունեք` այն մասին, որ Եվրասիական միության անդամակցությամբ անվտանգությունը չի ապահովվել, այլ ընդհակառակը` Ադրբեջանն ավելի սանձարձակ է դարձել, և, որ Հայաստանը պետք է վերանայի իր քաղաքականությունը։ Դա, ըստ էության, նորություն չէ, Հայաստանում էլ կան նմանատիպ տեսակետ ունեցողներ, սակայն սթափության բոլոր կոչերն ապարդյուն են անցնում, քանի որ Հայաստանի քաղաքական վերնախավը պարզապես այլ պետության շահերով է առաջնորդվում։ ԵՏՄ անդամ երկրում նիստի անցկացումն առանձնակի նշանակություն չունի, ԱլԳ տարբեր երկրներում են անցկացվում նիստերը, որոշակի հերթականություն կա։ ՀՀ-ԵՄ հարաբերություններն ուղղակի կարևոր է զարգացնել` օգտագործելով առկա հնարավորությունները. եթե առայժմ հնարավոր առավելագույնը նոր պայմանագրի ստորագրումն է` պետք է օգտվել դրանից։

– «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաուտալան ասել է, որ նոր համաձայնագիրը, որը քննարկվում է Երևանի և Բրյուսելի միջև, Ասոցացման համաձայնագիր չէ, այն յուրահատուկ համաձայնագիր է, որն անգամ անուն դեռ չունի։ Նա նաև նշել է, որ պետք է հասկանան` ինչի կարիք ունի Հայաստանը։ Շատ է քննադատվում ՀՀ իշխանությունների հապաղումն այս հարցում։ Կա մեկ այլ տեսակետ ևս, որ Արևմուտք-ՌԴ առճակատման պատճառով ճիշտ է Հայաստանի զգուշավոր դիվանագիտությունն այս ուղղությամբ։ Ի՞նչ եք մտածում այս մասին։

– Մինչև Ռիգայի գագաթաժողովը մնացած երկու ամսում բանակցություններն ավարտին հասցնելու և համաձայնագիրը ստորագրելու հավանականությունը փոքր է. ընդհանուր առմամբ, հնարավոր է այդ նպատակն իրականացնել, սակայն մանրակրկիտ աշխատանք է պահանջվում` հաշվի առնելով նաև ԵՄ-ի 28 անդամների համաձայնությունը ստանալու անհրաժեշտությունը։ Հավանական է, որ Հայաստանի իշխանությունը պարզապես ժամանակ կձգի` «մտքերի փոխանակման» գործընթացից առաջ չանցնելով, որպեսզի ավելորդ անգամ ցույց չտա, որ կրկին Մոսկվայից ստացված ցուցումներով է առաջնորդվում. Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ մերձեցման նկատմամբ Ռուսաստանի բացասական վերաբերմունքը գաղտնիք չէ։

Հայտնի է, որ չնայած նախկինում եղած բացահայտ սպառնալիքներին` ռուս պաշտոնյաների կողմից, մամուլի միջոցով, կոնֆերանսներում ելույթների միջոցով և այլն, հայ պաշտոնյաները սպառնալիքների առկայությունը միշտ ժխտում են` խոսելով «անվտանգության երաշխիքների» և «ազգային շահի» մասին։ Այդպիսով, թե՛ իրենց, թե՛ ռուսների համար ավելի հարմար է պարզապես թույլ տալ, որ մինչև գագաթաժողով եղած ժամանակը սպառվի, որպեսզի սպառնալիքների վերաբերյալ ավելորդ անգամ չխոսվի։

– Պարոն Գրիգորյան, օրերս ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Մոգերինին ներկայացրել էր Հարևանության քաղաքականության վերանայված տարբերակը, որը, ըստ նրա, իրենից ենթադրում է տարբերակված մոտեցում ԱլԳ յուրաքանչյուր երկրի նկատմամբ։ Սա ի՞նչ կտա ՀՀ-ԵՄ հարաբերություններին։

– ԱլԳ-ն ի սկզբանե տարբերակված մոտեցում էր նախատեսում, սակայն հենց ԵՄ որոշ պաշտոնյաների մեղքով այդ մոտեցումը խախտվել էր։ Օրինակ, Մոլդովան և Վրաստանը կատարել էին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման համար անհրաժեշտ պայմանները` նախքան Հայաստան-ԵՄ բանակցությունների ավարտը, սակայն ԵՄ-ն որոշել էր բոլորի հետ պայմանագրերը միաժամանակ նախաստորագրել` 2013 թ. Վիլնյուսի գագաթաժողովի ընթացքում։

– Կա մտավախություն, որ այս մոտեցման հետևանքով Հայաստանը, նախկինում լինելով ԱլԳ առաջատար երկրներից մեկը, կդասվի Բելառուսի և Ադրբեջանի շարքում, կորցնելով երեքուկես տարվա ընթացքում բանակցությունների արդյունքում ձեռք բերածը։ Այս մտավախությունները որքանո՞վ են իրատեսական։

– Այժմ տարբերակված մոտեցումը կարևոր է այնքանով, որ հնարավորություն է տալիս անգամ առանց Ասոցացման համաձայնագրի` ունենալ ԵՄ-ի հետ ավելի խորը հարաբերություններ, քան Ադրբեջանն ու Բելառուսը։

– Օրերս բավականին շրջադարձային զարգացումներ տեղի ունեցան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում։ Կան հիմքեր ենթադրելու, որ Ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխվում է Մինսկի խմբի կոնֆերանսի ձևաչափ։ Հետաքրքրականն այն է, որ 1992 թ. ստեղծված Մինսկի խումբը պետք է հասներ կրակի դադարեցմանը Ղարաբաղում և հրավիրեր Մինսկի խմբի կոնֆերանս, սակայն նման համաժողով չհրավիրվեց շուրջ 22 տարի, այնինչ Մինսկում Բելառուսի ԱԳ նախարարն ակնարկեց, որ պատրաստ է ընդունել նման համաժողով` կողմերի ցանկության դեպքում, իսկ Ջեյմս Ուորլիքն ասաց, որ սպասում է նման ձևաչափով աշխատանքին։ Մինսկի խմբի կոնֆերանս հրավիրելու թեման պատահականորե՞ն մտավ շրջանառության մեջ, թե՞ կա ինչ-որ օրակարգ, որը նախապատրաստման գործընթացում է։

– Առայժմ կարծեմ խոսքը հիմնականում այն մասին է, որ բելառուսական կողմը հաստատել է համաժողով անցկացնելու վերաբերյալ իր պարտավորությունը, երբ դրան պատրաստ կլինեն հակամարտող կողմերը։ Միջազգային մեկուսացումը ճեղքել, Ռուսաստանից կախվածությունը նվազեցնել և Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավել ցանկացող Բելառուսի կողմից դա բավական խելամիտ քայլ կարող է լինել։ Սակայն դժվար է ակնկալել, որ այդպիսի կոնֆերանս կարող է տեղի ունենալ կայուն հրադադար ապահովելու անկարողության պայմաններում, երբ հակամարտող կողմերն էլ հազիվ թե կարողանան համաձայնության գալ կարգավորման առաջարկի վերաբերյալ։

Նոր, բեկումնային առաջարկի հավանականությունն էլ մեծ չէ` հաշվի առնելով ոչ միայն հակամարտող կողմերի հակադիր տեսակետները, այլև համանախագահ երկրների խորը հակասությունները` Ռուսաստանի` դոմինանտ դեր խաղալու և տարածաշրջանն իր ազդեցության գոտում պահելու ակնհայտ ցանկության ֆոնին։ Եթե բանակցային գործընթացի արդյունավետությունն ապահովելու վճռականություն կա, ապա համանախագահները պետք է նախևառաջ կայուն հրադադար ապահովելու մեխանիզմ մշակեն, ինչը տարիներ շարունակ նրանց չի հաջողվում։

Տեսանյութեր

Լրահոս