
Ես ու Սիկորսկին զգուշացրեցինք Պուտինի պլանների մասին, սակայն Բրյուսելը «քնեց». Կառլ Բիլդտ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի նախկին արտգործնախարար Կառլ Բիլդտը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ինքն ու Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ԵՄ-ին զգուշացրել են Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրությունների մասին, սակայն Բրյուսելը «քնած է մնացել».
«Կարծում եմ, որ մենք մենք պետք է ավելի վճռականորեն արձագանքեինք Ռուսաստանին, երբ նա սկսեց իրեն սխալ պահել 2013 թվականի ամռանը: Երբ նրանք սկսեցին պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ, մենք չտեսանք դրա հստակ հետևանքները, և ես հիշում եմ, որ Ռադեկը (Սիկորսկի) և ես փորձեցինք զգուշացնել Բրյուսելին: Սակայն Բրյուսելը քիչ թե շատ «քնեց»: Ակնհայտ է, որ դա սխալ էր»:
Անդրադառնալով Պուտինի հետագա պլաններին՝ Բիլդտը հայտարարել է. «Կարծում եմ, որ ներկա պահին նա ձգտում է ստեղծել անկլավներ՝ «ժողովրդական հանրապետություններ» առանց ժողովուրդների, ամրապնդել դրանք ռազմական տեսանկյունից:
Կարծում եմ, որ նա կցանկանար, որ նրանք (ինքնահռչակ հանրապետությունները) հնարավորություն ունենային սեփական ուժերով վարել ռազմական գործողություններ, քանի որ նա գիտի, որ չափազանց բարձր է ռուսական կանոնավոր բանակ ուղարկելու քաղաքական գինը:
Լավագույն բանը, որը ներկայումս կարող է անել ԵՄ-ը, պատժամիջոցները պահպանելն է և տարբեր եղանակներով Ուկրաինային աջակցելը: Ուկրաինան պետք է անցնի բարդ ժամանակների միջով, և նա կարիք ունի մեր համերաշխության, համակրանքի ու աջակցության: Կարծում եմ, որ դրանք առաջնահերթ են»: