Բաժիններ՝

«Հարց է առաջանում՝ ի՞նչ ենք անելու այդքան ռուբլու հետ». Գագիկ Մակարյան

Ռուսաստանն իր տնտեսության փրկությունը տեսնում է միասնական արժույթի մեջ, այս հարցը բարձրաձայնվել էր դեռ 1999 թվականին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ Ռուսաստանն իր տնտեսական հույսը կապում է ԵՏՄ անդամ երկրների մոտ 200 միլիոնանոց շուկայի հետ:

«Ռուսաստանի տնտեսությունը միջակ տնտեսություն է, առաջիկա տարիներին չի ունենալու զարգացում, քանի որ ինժեներական, էլեկտրոնային, ճշգրիտ տեխնոլոգիաների մասով  բավականին հետընթաց է ապրել, և զարգացման տեսանելի հեռանկարներ չկան: Բացի միջուկային զինամթերքը` մնացած զինամթերքներով ևս առաջիկայում հետ կընկնի: Օրինակ, Թուրքիայի ՀՆԱ-ն մոտ 2 անգամ քիչ է, քան Ռուսաստանինը, սակայն Թուրքիան արագ զարգացման ճանապարհին է: Ռուսաստանն այս դեպքում պետք է գնա էքսկլյուզիվ քայլերի, լրացուցիչ ճնշումների, տարաձայնությունների սրման և այլ ուղիներով»,- ասաց միության նախագահը:

Նա նկատեց, որ Հայաստանն իր տնտեսությունն այս վիճակից հանելու համար պետք է Եվրամիությունից ստացված գումարները նպատակային ծախսի, հակառակ դեպքում երկիրը կմնա այն վիճակում, որում հիմա է: ԵՄՏ-ի հետ կապված որոշ ներմուծվող ապրանքների մասով հիմա գործում է զրոյական մաքսատուրք, սակայն, ըստ Գ. Մակարյանի, ստեղծված իրավիճակում հիմնականը ոչ թե ներմուծման, այլ արտահանման խնդիրն է. «Վիճակը գնալով ոչ միայն չի կարգավորվում, այլև արտահանման ճգնաժամը խորանում է: Գործարարների մոտ թմրած վիճակ է, ռեսուրսներ չունեն, սպասում են պետության աջակցությանը: Հիմա խնդիր է նրանց համար նոր ինովատիվ մեխանիզմների կիրառումը, մենեջմենթի փոփոխությունը, ինչպես նաև՝ էժան վարկերի ներգրավումը: Պետությունն այս հարցում պետք է աջակից լինի կամ էլ հարկերի տեսքով հավաքագրված գումարներն այլ մեխանիզմով հետ վերադարձնի ընկերություններին, որպեսզի այս վիճակը հաղթահարեն»:

Գ. Մակարյանի խոսքով՝ այս տարի նաև խնդիր է լինելու ռուբլու՝ Հայաստանում կուտակման հետ կապված, եթե նախկինում 1.5 մլրդ դոլար էր մտնում երկիր, հիմա այն ռուբլով կազմում է 90 մլրդ ռուբլի՝ գումարած 10 մլրդ արտահանումը. «Հարց է առաջանում՝ ի՞նչ ենք անելու այդքան ռուբլու հետ: Մեր գործարարները ռուսական շուկայում ստիպված ռուբլով ապրանքներ են ձեռք բերում (ապակյա տարաներ և այլն), որը մյուս կողմից՝ վնասում է նույն ապրանքի տեղական արտադրությանը: Պետք է ստացված ռուբլին դրսում ծախսելու տարբերակներ գտնել՝ կամ ապրանքներ ձեռք բերել, կամ եվրոպական «չեյնջերում» այն փոխանակել գործուղումների ժամանակ»:

Ճիշտ է, ըստ Գ. Մակարյանի՝ այս տարբերակները մի քիչ տրամաբանական չեն, սակայն այլ ելք չկա: Մյուս կողմից՝ կառավարությունը պետք է բանակցություններ վարի ռուսական կողմի հետ` գազի դիմաց ռուբլով վճարումներ անելու հարցի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս