«Եթե վերարտադրվելու խնդիր դրված լինի, անկախ Սահմանադրությունից, անկախ դրա փոփոխություններից, դա հնարավոր է». Վարդան Այվազյան
Ցանկացած պետություն պետք է ունենա իրավական համակարգ, որի աստիճանակարգի գագաթում կանգնած է Սահմանադրությունը: Այս կարծիքին է Երևանի պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը, ով այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ նշեց, որ դրանց անհրաժեշտությունն արդեն դառնում է օրինաչափություն:
Ըստ նրա՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններն ակնկալված արդյունքը չտվեցին: Նրա կարծիքով՝ դրա առաջին մեղավորներից մեկն Ազգային ժողովն էր. «Որովհետև փոփոխված Սահմանադրության անցումային դրույթներում նշում էր, որ 2 տարվա ընթացքում պետք է պետության ընթացիկ օրենսդրությունը համապատասխանեցվի սահմանադրական փոփոխություններին: Այս պարագայում ԱԺ-ն պետք է կազմեր ժամանակացույց, առանձնացներ այն բոլոր օրենքները, որոնք փոփոխված Սահմանադրությանը հակասում են, և Սահմանադրական դատարանի հետ շատ սերտ համագործակցության պայմաններում՝ այդ օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարեր, որպեսզի դրանք համապատասխանեին Սահմանադրությանը: Բայց մենք արդեն 2015 թվականում ենք, 10 տարի է անցել, և, ըստ էության, ԱԺ-ն այդ ուղղությամբ որևէ գործ չի կատարել»:
Վ. Այվազյանի խոսքով՝ Սահմանադրական փոփոխութունների ակնկալիքներն ունենալու համար միայն կատարյալ փոփոխությունները որևէ արդյունք չեն տա: Ըստ բանախոսի՝ այդ փոփոխությունները պետք է կյանքի կոչվեն.
«Իշխանություն-ընդդիմություն պետք է ունենան բարձր իրավագիտակցության մակարդակ, գոնե նվազագույն գիտելիքներ պետականության և իրավունքի վերաբերյալ, և ունենանք հասարակություն, որն ի վիճակի է ինքնանույնականացվել: Սահմանադրությունը պետք է լինի այնպիսին, որ ամրագրի հայ մարդու կերպարը՝ նրա հոգեկերտվածքով, նրա պատմական զարգացման բոլոր օրինաչափություններով»:
Վ. Այվազյանի կարծիքով՝ անհրաժեշտ է ունենալ Սահմանադրությունը կյանքի կոչելու ազգային ծրագիր: Այդ ազգային ծրագիրը պետք է լինի մանակրկիտ մշակված և այդ մշակված ազգային ծրագիրը պետք է ուղղված լինի պետական իշխանության և քաղաքացիների նվազագույն գիտակցության մակարդակի բարձրացմանը, որ հասկանան՝ ինչ խնդիր է իրականացնում Սահմանադրությունը, և պետությունն ինչի համար է:
Բանախոսը հիշեցրեց նաև, որ Սահմանադրությամբ՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին. «Երբ ժողովուրդը գաղափար չունի՝ ինչ է իշխանությունը, նա, կամա թե ակամա, օտարվում է իշխանությունից, և ունենում ենք մի վիճակ, երբ, ըստ իս, իշխանությունները ցանկանում են պետականության հասարակության մոդելը կատարելագործել, մասնագիտական առումով ներկայացնել ավելի լավ, կատարյալ մի փաստաթուղթ, բայց ընդդիմությունը և ժողովուրդը հակված են մտածելու, որ դրա նպատակն ընդամենը սեփական վերարտադրությունն է»:
Վ. Այվազյանը կարծում է, որ եթե վերարտադրվելու խնդիր դրված լինի, անկախ Սահմանադրությունից, անկախ դրա փոփոխություններից, դա հնարավոր է: Ըստ նրա՝ վերարտադրվելու համար սահմանադրական փոփոխություններն ամենևին էլ առիթ կամ միջոց չեն:
Հարցին՝ մեզ համար ո՞րն է ավելի ճիշտ՝ խորհրդարանակա՞ն համակարգը, թե՞ կիսանախագահականի բարեփոխված տարբերակը, Վ. Այվազյանն այսպես պատասխանեց.
«Խորհրդարանական մոդելն իրենից ենթադրում է պետության ավելի զարգացած աստիճան և քաղաքացիական հասարակության ավելի զարգացած մակարդակ: Տարբերությունն այն է, որ ճակատագրական խնդիրների լուծումը եթե նախագահական կառավարման համակարգում միանձնյա է որոշվում, ապա խորհրդարանական կառավարման համակարգում ունի կոլեկտիվ լուծման խնդիր, և, եթե մենք վերցնենք մեր հասարակության գործընթացները, մեր հանրության իրավագիտակցության մակարդակի աճն անկախությունից ի վեր՝ այս 25 տարիների ընթացքում, ես կարծում եմ, որ համապատասխան նախադրյալներ այսօր կան, որպեսզի մեր երկիրն անցնի խորհրդարանական կառավարման համակարգին, որը ժողովրդավարության առումով՝ ավելի արդիական ու արդյունավետ է, քան նախագահական համակարգը»: