«Ռուսաստանում այսօր որոշ չինովնիկներ նույնիսկ չգիտեն, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը». Թաթուլ Մանասերյան

Ինչպես հայտնի է, երեկ Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի գործընկեր Ռուաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը, որի ընթացքում, ինչպես նախապես էր հայտարարվել, քննարկվել են ԵՏՄ-ին վերաբերող բազմաթիվ հարցեր: Այդ հարցերից մեկը վերաբերել է միասնական արժույթի ստեղծման հեռանկարներին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ժամանակն է, որպեսզի Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ձեռնամուխ լինեն արժութային միության ստեղծման մասին բանակցություններին՝ չհիշատակելով Հայաստանի մասին:

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ կրկին Հայաստանի մասին մոռացան ԵՏՄ մյուս երկրները՝ ԵՏՄ-ի վերաբերյալ հարցեր քննարկելու ժամանակ: «Ինտեգրացում և զարգացում» հ/կ նախագահ, քաղաքագետ Արամ Սաֆարյանը նկատեց, որ երեկ Աստանայում տեղի ունեցած հավաքը չի եղել հայտարարված՝ բարձր մակարդակի, պաշտոնական ԵՏՄ ձևաչափով հավաք. «Ղազախստանի նախագահը հրավիրել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներին: Դուք գիտեք, որ Ղազախստանում նախընտրական գործընթացներ են ծավալված, և դա տեղավորվում է այդ գործընթացների տրամաբանության մեջ»:

Անդրադառնալով նաև միասնական արժույթ ստեղծելու գաղափարին՝ Ա. Սաֆարյանը հիշեցրեց պրոֆեսոր Աշոտ Թավադյանի անդրադարձը միասնական արժույթի ստեղծման խնդիրներին, ով ասել է, որ մինչև միասնական արժույթին անցնելը, հարկավոր է որոշակի քայլեր իրականացնել, որոնք պարտադիր անցել է Եվրոպական միությունն ավելի երկար ժամանակաշրջանում՝ նախքան եվրոյին անցնելը. «Այդ քայլերից մեկն է, օրինակ, դրամ-ռուբլի փոխարժեքով առևտրի իրականացումը»: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի կարծիքով էլ՝ հայտարարությունը միացյալ արժույթի մասին ավելի շատ համահունչ է աշխարհաքաղաքական փոփոխություններին.

«Որովհետև, եթե դիտարկենք, տեսնում ենք, որ ստեղծվում է Ասիական բանկը, մի հսկա, որը միանգամայն մրցունակ է համաշխարհային բանկի հետ, նաև գնում է ապադոլարացման պրոցես, և այս համատեքստում, կարծում եմ՝ այդ հայտարարություններն ավելի շատ քաղաքական համատեքստ ունեն, քան անգամ տնտեսական»: Տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն էլ նշեց, որ, եթե մասնագիտական առումով փորձենք վերլուծել, կտեսնենք, որ նախևառաջ՝ պետք է ներդաշնակեցվեն դրամավարկային քաղաքականությունները, հարկային, արտաբյուջետային քաղաքականությունները, որի սկիզբն անգամ դրված չէ. «Անտեղի եմ համարում նման խոսակցությունները, ավելին ասեմ՝ Ռուսաստանում այսօր որոշ չինովնիկներ նույնիսկ չգիտեն, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը: Եթե հարցնեք գործարարներին, ապա կտեսնեք, թե ինչ խնդիրների են բախվում մաքսազերծման դեպքում, երբ Ռուսաստան բեռներ են առաքում: Ուրեմն՝ այնտեղ մի փոքր ուշացում, դանդաղկոտություն կա: Մինչ այդ՝ ցանկալի է, որ հատկապես Ռուսաստանը և Բելառուսը կյանքի կոչեն այն պայմանավորվածությունները, որ գրեթե 2 տասնամյակ է՝ ունեն՝ միասնական պետություն, միասնական արժույթ ստեղծելու, որից հետո դա կարող է ընդլայնվել՝ Ղազախստանը ներառել, Հայաստանը, և այլն: Սրանք բավական լուրջ գործընթացներ են, և հասկանալի է, որ աշխարհաքաղաքական այդպիսի միտումները ևս պետք է հաշվի առնվեն, բայց չեն կարող արագացնել գործընթացը, որովհետև միասնական արժույթի ձևավորումը ոչ միանշանակ է գնահատվում նաև Եվրոպայում, որոշ երկրներ անգամ ուզում են դուրս գալ եվրոյի գոտուց»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս