«Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ բավարարված չէ այն աջակցությամբ, որը ստանում է ՀՀ-ն ԵՏՄ անդամակցությունից հետո». Ստեփան Գրիգորյան

«Եվրոպական ու Հայաստանը հաստատեցին հարաբերությունները շարունակելու երկկողմ հանձնառությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով մարտի 18-ին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում Ռուսաստան-Ադրբեջան զենքի գործարքների վերաբերյալ Սերժ Սարգսյանի կոշտ գնահատականներին և Հայաստանում «Եվրոպական շաբաթի» արդյունքներին:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի նման կոշտ անդրադարձի պատճառն այն է, որ զենքը սկսել է իրեն զգացնել տալ, քանի որ ռուսական զենքն աշխարհում ամենալավ զենքերից է, պարզ է, որ այն ուժեղացրեց Ադրբեջանին և՛ քաղաքականապես, և՛ ռազմական տեսանկյունից, և՛ հոգեպես: Այդ զենքի արդյունքն, ըստ Գրիգորյանի, այն է, որ ադրբեջանցիները լկտիացել են, քանի որ ժամանակակից սպառազինությունը նրանց հնարավորություն է տալիս ավելի համարձակ գործել, Ադրբեջանի քայլերն օրեցօր ավելի ուժեղ և համարձակ են դառնում, որի արդյունքում հավասարակշռությունը խախտվում է:

«Բոլոր գործոնները մեկտեղվեցին ու հանգեցրեցին նրան, որ Հայաստանն այլևս չկարողացավ լռել ու զգուշացրեց իր ռազմավարական գործընկերոջը, որ այս վիճակը չի կարող շարունակվել, քանի որ՝ «Դուք ուժեղացնում եք մեր թշնամուն»: Այս հայտարարության մեկ այլ ուղերձն այն էր, որ Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի ռազմական աջակցությունը Հայաստանին ՀԱՊԿ-ի շրջանակում: Ես ողջունում եմ Սերժ Սարգսյանի ելույթը, համարում եմ, որ ժամանակը հասունացել էր»,- ասաց Ստեփան Գրիգորյանը: Միաժամանակ նա նշեց, թե կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ ավելի վաղ չասվեց այս մասին: Ըստ վերլուծաբանի` առաջինը ռազմավարական գործընկերոջ հետ չպետք է զգացմունքային արձագանքների լեզվով շփվել, երկրորդը ժամանակը ցույց տվեց վաճառված զենքի հզոր ազդեցությունը:

Խոսելով «Եվրոպական շաբաթի» կարևորությունից` նա ասաց, որ գլխավոր հետևությունն այն է, որ Եվրոպան պատրաստ է Հայաստանի հետ շարունակել աշխատել՝ չնայած ՀՀ անդամակցությանը ԵՏՄ-ին: Բայց, ըստ նրա, եվրոպացիները հասկանում են, որ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամությունը սահմանափակում է ՀՀ հնարավորությունները Եվրոպայի հետ հարաբերություններում, ուստի Երոպան հստակ պնդում է` պատրաստ է դիտարկել նոր օրակարգ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար, քանի որ հին օրակարգն այլևս տեղին չէ ՀՀ ԵՏՄ անդամակցությունից հետո:

Կարդացեք նաև

«Պարզապես նրանք ասում են. «Դուք ասեք, թե ինչ եք ցանկանում ու մենք պատրաստ ենք ուսումնասիրել և քննարկել»: Ես որպես փորձագետ կարծում եմ, որ Հայաստանը պետք է թարմացնի Ասոցացման համաձայնագիրն ու առաջարկի քննարկել դրա հնարավորությունները Ռիգայում, համատեղ հայտարարություն ընդունելով»,- նկատեց Գրիգորյանը:

Նրա համոզմամբ, պատահական չէր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նիստին, ելույթ, հանդիպումներ ունեցավ տարբեր ձևաչափերով: «Դա ցույց է տալիս, որ ՀՀ-ն ցանկանում է շարունակել Եվրոպայի հետ: Բայց դա նաև նշանակում է, որ ՀՀ-ն բավարարված չէ այն աջակցությամբ, որը ստանում է ԵՏՄ անդամակցությունից հետո այդ միությունից: Ծիծաղելի է, որ եվրասիական երեք երկրների առաջնորդները հանդիպում են, բայց չեն հրավիրում ՀՀ նախագահին: Ակնհայտ է, որ այդ ոչ հստակ պահվածքը Հայաստանին ստիպում է արձագանքել: Արձագանքներից մեկը հենց նա էր, որով ՀՀ-ն ցույց տվեց, որ Եվրոպայի հետ ցանկանում է շարունակել»,- Սերժ Սարգսյանի կողմից «Եվրոպական շաբաթի» ընդունելությունը նման կերպ մեկնաբանեց Ստեփան Գրիգորյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս