Աշոտ Մանուչարյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին. «Դա պայմանավորված է նրանով, որ պետք է սպասարկվեն ինչ-ինչ հարաբերություններ Արևմուտքի հետ»
Մարտի 18-ին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը կարծում է՝ նախագահ Սերժ Սարգսյանի հիշյալ հայտարարության գործոններն արտաքին են:
168.am-ի հետ զրույցում Ա. Մանուչարյանը կարծիք հայտնեց, որ այդ հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ պետք է սպասարկվեն ինչ-ինչ հարաբերություններ Արևմուտքի հետ. «Եթե դա ինչ-որ իմաստով ըմբռնելի է նաև Ռուսաստանի համար, ապա միգուցե նաև խելքին մոտ քայլ է, եթե՝ ոչ, ապա նոր խնդիրներ կստեղծի»:
Հարցին՝ արդարացի չէ՞ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, Ա. Մանուչարյանը պատասխանեց՝ եթե մենք կարող ենք բացառել ինչ-որ մեկի կողմից զենքի վաճառումն Ադրբեջանին, ապա դա «հոյակապ» կլինի: Բայց քանի որ, ըստ նրա, դա հնարավոր չէ, ապա ինքն այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է նշանակում, որ՝ «ավելի լավ է մեզ սպանեն, ասենք, իսրայելական զենքով, և ոչ թե՝ ռուսական».
«Ես մի անգամ այս օրինակը բերել եմ, որ Իսրայելն անօդաչու ինքնաթիռներ էր տրամադրել Վրաստանին, բայց երբ Վրաստանը բախվեց Ռուսաստանի հետ, այդ անօդաչուները չգործեցին, որովհետև Իսրայելը կոդերը տրամադրել էր Ռուսաստանին: Այսինքն՝ եթե դու ունես բարեկամ պետություն, և այդ բարեկամ պետությունն է վաճառում հակառակորդին զենք, դա անպայման չի նշանակում՝ թշնամանք, դա նաև նշանակում է՝ ինչ-որ հնարավորություններ: Ես ասացի ռազմական հնարավորությունները, բայց դա բերում է նաև քաղաքական հնարավորություններ: Այստեղ այդ երեխայական կեցվածքը, որ՝ «ես նեղանում եմ, այսպես չի կարելի», անհասկանալի է: Ուրիշ բան՝ երբ կա երկրորդ հարցը, իսկ Ռուսաստանն ինչքա՞ն զենք և ինչպե՞ս է տրամադրում Հայաստանին»:
Հարցին՝ ինչքանո՞վ եք հավանական համարում, որ նման հայտարարություն անելով՝ նախագահը նաև չի բացառում, որ հնարավոր է վերանայել արտաքին քաղաքական վեկտորի ընտրությունը և գնալ ոչ թե՝ ԵՏՄ, այլ՝ ԵՄ, Ա. Մանուչարյանն այսպես պատասխանեց.
«Այդպիսի ճանապարհորդությունները մարդու հոգեվիճակի բաներ են՝ «ես գնացի մի տեղ, ինձ նեղացրեցին, ես լավն էի, նրանք վատն էին, այսպես անեմ, այնպես անեմ»: Երկրների հարաբերություններում այսպիսի բան չի լինում, սա ուղղակի ևս մեկ առիթ է գիտակցելու, որ պետական քաղաքականությունը հնարավորություն չէ՝ կառուցել զուտ պետությունը՝ որպես հարստացման գործիք օգտագործելու համար: Եթե դրանից բացի ոչինչ ուրիշ չես անում, ապա նման խնդիրներ ես ունենում»:
Երեկ ղարաբաղաադրբեջանական սահմանում նորից լարված իրավիճակ էր: Շատերը դա պայմանավորում են Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարության հետ:
Ա. Մանուչարյանից հետաքրքրվեցին՝ նախագահի այդ հայտարարությունը կարո՞ղ էր ինչ-որ նշանակություն ունենալ սահմանի այդ լարված իրավիճակի համար: Նա պատասխանեց.
«Ոչ, դա որևէ կապ ունենալ չի կարող: Դա կապված է մեկ բանի հետ՝ Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ համաձայնեցված քաղաքականության՝ ուղղված Ցեղասպանության 100-ամյակի հետ՝ կապված պրոբլեմային դաշտը Թուրքիային համար մեղմացնելուն, և, եթե հնարավոր է՝ չեզոքացնելուն»: