«Այնպես չի, որ այն ժամանակ ՌԴ-ն է խանգարել կամ միջամտել, սեպտեմբերի 3-ին մենք ինքներս ենք կողմնորոշվել»
«Ես չեմ կարող ասել, թե Ռիգայում ինչ կստորագրվի, ինչ չի ստորագրվի, բայց այն, որ մենք պատրաստ ենք քաղաքական երկխոսությունը շարունակել, սա փաստ է: Եվ այնպես չի, որ այն ժամանակ Ռուսաստանն է խանգարել կամ միջամտել, սեպտեմբերի 3-ին մենք ինքներս ենք կողմնորոշվել: Եվ պետք չէ մի ընտրությունը խառնել մեկ այլ ընտրության հետ: ԵՏՄ-ն տնտեսական միություն է, որի անդամակցումը բխում է մեր շահերից: Եվ մենք դրա մասին բացեիբաց խոսել ենք մեր եվրոպացի գործընկերների հետ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Ռուսաստանը կրկին խոչընդոտի ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև համաձայնագրի ստորագրմանը, թեկուզ և քաղաքական:
Ըստ նրա՝ Հայաստանը ժողովրդավարությունը չի զարգացնում, որպեսզի դուր գա Եվրոպային, այլ որովհետև դա Հայաստանի ներքին օրակարգային հարց է և դա անհրաժեշտ է մեզ: Միևնույն ժամանակ, Շարմազանովի խոսքով, մեզ անհրաժեշտ է եվրոպական կառույցների հետ խորը քաղաքական երկխոսության շարունակումը և պետք չէ սա կապել ՌԴ դիրքորոշման հետ:
«Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Ռիգայում մենք կարող ենք փաստել, որ պետք է շարունակենք քաղաքական երկխոսությունը, որի համար կա քաղաքական կամք: Մենք էլ, իրենք էլ պետք է գիտակցեն, որ ՌԴ-ն մեր դաշնակիցն է: Մենք չափից դուրս ազնիվ հանդիպումներ ենք ունեցել եվրոպացի գործընկերների հետ և համակարծիք ենք եղել, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն ոչ թե պետք է իրարից հեռանան, այլ պետք է շարունակեն երկխոսությունը»: