Բաժիններ՝

Փոստանջյանի ներկայացուցիչը բողոքարկել է դատարանի որոշումը

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանը վերաքննիչ դատարան է բողոքարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով մերժվել էր նրա բողոքը ՀՀ գլխավոր դատախազի դեմ: Այս մասին 168.am-ին ասաց պատգամավորի ներկայացուցիչը:

Զ. Փոստանջյանը Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության գործի հետ կապված հաղորդում էր ներկայացրել մի քանի պահանջներով, մասնավորապես նշելով, որ դատախազի կողմից անգործություն է ցուցաբերվել: Զարուհի Փոստանջյանը դատախազից պահանջել էր քրեական գործ հարուցել ապօրինի կերպով զենք փոխադրելու փաստի առթիվ, Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին, իր կարծիքով, ապօրինի ձերբակալելու, տեղափոխելու և ռուսական 102-րդ ռազմաբազայում պահելու վերաբերյալ արդարադատության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ նախատեսող համապատասխան հոդվածներով ՀՀ իրավապահ մարմիների, ՌԴ սահմաբապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմական բազայի ղեկավարության իր գնահատմամբ թույլ տրված ապօրինությունների փաստի առթիվ, Վալերի Պերմյակովի կողմից կատարված պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններին ընդհանուր իրավասության դատարանը գտել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը չի հրաժարվել դիմողի հաղորդումն ընդունելուց և օգտվելով իր լիազորություններից՝ այն ուղարկել է քննիչին, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի գրությամբ հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից թույլ չի տրվել անգործություն, հետևաբար դիմողի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, ինչը հիմք է բողոքը մերժելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս