ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև երկխոսությունը տարվում է 4 ուղղություններով. Սեկուտա
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև երկխոսությունը տարվում է 4 ուղղություններով:
Սեկուտան մանրամասնել է, որ խոսքը գնում է ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության, տնտեսության, էներգետիկայի և վերջապես անվտանգության մասին:
Սեկուտան ընդգծել է, որ այդ 4 ուղղություններով երկխոսության շարունակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչ վաղ անցյալում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի ադրբեջանական այցի ժամանակ.
«Նուլանդի Վաշինգտոն վերադառնալուց հետո գործընթաց սկսվեց այն քայլերի մասին, որոնք կարող են ձեռնարկվել նշված ուղղություններով և հատկապես ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության ոլորտներում:
Այսինքն, մենք այժմ մեր առաջարկները կներկայացնենք ադրբեջանական կողմին և կուսումնասիրենք նրա կարծիքը: Կարծում եմ, որ դրա հետ մեկտեղ պետք է ուսումնասիրել նաև Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կարծիքը և նրա հետ իրականացնել աշխատանքներ»: