Ֆրանկֆուրտում ԵԿԲ-ի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վիրավորվել է 70 ոստիկան
Der Tagesspiegel-ի փոխանցմամբ՝ ձախ հայացքներ ունեցող մոտ 1500 ակտիվիստ Եվրոպական Կենտրոնական բանկի (ԵԿԲ) քաղաքականության դեմ բողոքի ակցիա է կազմակերպել ԵԿԲ-ի նոր շենքի մոտ, որի պաշտոնական բացումը պետք է այսօր տեղի ունենա Ֆրանկֆուրտում:
Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանությունը: Իրավապահների տվյալներով՝ գրանցվել է ավելի քան հազար իրավախախտում, ձերբակալվել է մոտ 350 մարդ: Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է ջրաշիթեր ու արցունքաբեր գազ: Ակցիայի ժամանակ վիրավորվել է ավելի քան 70 ոստիկան:
Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա, այրել են ավտոմեքենաներ, մի շարք փողոցներ արգելափակել են այրվող անվադողերով: ԵԿԲ-ի նոր համալիրը բաղկացած է 185 մետրանոց երկու աշտարակներից, դրա բացմանը պետք է ներկա գտնվեն բանկի նախագահ Մարիո Դրագին և ևս մի քանի հարյուր հյուրեր:
Բանկի աշխատակիցները նոր շինություն տեղափոխվել են դեռռևս նախորդ տարեվերջին: Շտաբ-բնակարանի կառուցումն արժեցել է 1.3 միլիարդ եվրո: Ցուցարարները դեմ են հանդես եկել միջազգային եռյակի (ԵԿԲ, ԱՄՀ, ԵՀ) և մասնավորապես ԵԿԲ-ի քաղաքականությանը, ինչը նրանց կարծիքով հանգեցրել է տնտեսական լճացմանն ու գործազրկության աճին: