Բաժիններ՝

Ինչ եղավ, երբ Լևոն Թոքմաջյանն ու ընկերները գնացին Լեոնիդ Ենգիբարյանին «բալետ» անելու

Լեոնիդ Ենգիբարյանի քանդակի հեղինակ Լևոն Թոքմաջյանը հավատացնում է՝ երբ կրկեսի նոր շենքը կառուցվի, իր ամենասիրելի գործերից մեկը՝ Լեոնիդ Ենգիբարյանի քանդակը, նորից իր հին տեղում կհայտնվի՝ նոր պատվանդանով ու նոր շնչով. «Արդեն քանի՜ տարի է՝ մենք մեծ խնամքով փաթաթել ենք այդ բրոնզե քանդակը ու պահել, սպասում ենք, որ այդ նոր շենքը կառուցվի ու քանդակն իր հին տեղում տեղադրենք. տնօրենները խոստացել են՝ շինությունը պատրաստ լինելուց հետո, մուտքի մոտ նոր պատվանդան են դնելու, ես էլ սիրուն կմաքրեմ ու քանդակին երկրորդ կյանք կպարգևենք»:

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Լեոնիդ Ենգիբարյանի քանդակի այսօրվա ճակատագրի մասին ու հիշեց նաև դրա պատմությունը: 1992-1993 թվականներին, երբ Երևանի քաղաքապետը Համբարձում Գալստյանն էր, մի օր Լևոն Թոքմաջյանին իր մոտ է կանչում ու առաջարկում՝ հենց քանդակագործի ցանկությամբ մի երկու բան անել քաղաքի համար: «Տենց բան հազվագյուտ ա լինում, գիտեք…»,-ասում է քանդակագործը:

«Ընդհանրապես նկարչի կամ կերպարվեստագետի համար ամենապայծառ հուշերը՝ մանկության հուշերն են, ու իմ հիշողության մեջ միշտ մնացել էին 2 մարդ՝ մեկը Կարաբալան, որը հորս հետ մոտիկ էր ու ես անձամբ իրեն տեսել էի, մյուսը՝ Լեոնիդ Ենգիբարյանն էր, որին շատ սիրում էի: Ճիշտ է՝ նա հաճախ չէր լինում Երևանում՝ հիմնականում Մոսկվայում էր լինում, բայց իր Հայաստանում եղած ժամանակներն էլ ես միշտ գնում ու նայում էի իր ներկայացումները,- պատմում է Լևոն Թոքմաջյանը՝ հավելելով,- Նույնիսկ մի անգամ Մինսկում էի, երգչախմբում էի երգում, ու մի օր հանկարծ այնտեղ Լեոնիդ Ենգիբարովին տեսանք, մոտեցա մաեստրոյին ու ասացի՝ եկեք այսօրվա երեկոյան փորձը հետաձգենք ու բոլորով գնանք նրան մի լավ բալետ անենք: Նե՜նց լավ ստացվեց, հիմա գոռում, գոչում ենք, ու հիշում եմ՝ ես մի հատ ծաղիկ գցեցի նրան: Պարզվում է՝ նա ծաղիկներ շատ էր սիրում ու մի համար ունի՝ իբր իրեն ծաղիկ են գցում, ու նա ոտքով բոլորը տրորում է, ասես արհամարհում է, բայց իմ գցած ծաղիկը նա չտրորեց: Ներկայացումից հետո մտա կուլիսներ ու տեսա նրան՝ քրտինքի մեջ, էդ մի ծաղիկն այսպես բռնած, հոգնած կանգնած, ծաղիկն էլ ձեռքին… Ինչո՞ւ եմ սա պատմում, որովհետև իմ քանդակի կոմպոզիցիայի սյուժեն հենց դա է պատմում»:

Քանդակագործը նաև պատմեց, որ քանդակի բացման օրը ներկա էին նաև Վազգեն Սարգսյանը, որն այդ ժամանակ Պաշտպանության նախարարն էր և Վանո Սիրադեղյանը՝ Ներքին գործերի նախարարը: Նրա խոսքով՝ իրեն աջակցողները հենց նրանք եղան:

Կարդացեք նաև

Լուսանկարը՝ հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս