Ռուսաստանը Հարավային Օսիայի հետ պայմանագրով խախտում է միջազգային պարտավորությունները. Մողերինի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին կարծում է, որ Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագրի առաջիկա ստորագրումը կհակասի տարածաշրջանի անվտանգության ամարապնդմանն ու կհանդիսանա Ռուսաստանի միջազգային պարտավորությունների խախտում:

Ակնկալվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում կբանակցի Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Թիբիլովի հետ, որի արդյունքներով էլ պլանավորված է ստորագրել համագործակցության ու ինտեգրման մասին պայմանագիր:

Մողերինին հայտարարել է, որ (Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության մասին) Ժնևյան միջազգային քննարկումների 31-րդ փուլի անցկացման օրն այդպիսի փաստաթուղթ ստորագրելը կստեղծի հանգամանքներ, որոնք չեն նպաստի կառուցողական կլիմային՝ բարելավելու համար անվտանգությունն ու հումանիտար իրավիճակը տեղում:

Մողերինիի խոսքերով՝ այդ պայմանագիրն ակնհայտորեն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգային իրավունքի սկզբունքներն ու միջազգային պարտավորությունները, որոնց Ռուսաստանը ստանձնել է 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագրով:

Տեսանյութեր

Լրահոս